ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային:
Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ շարունակական համագործակցությունը կխորացնի և կամրապնդի երկու երկրների միջև կապերը:
«Ավելի վաղ մենք առիթներ ունեցել ենք շփվելու և համագործակցելու Բուլղարիայում սոցիալական ոլորտը համակարգող նախարարության հետ: Վստահ եմ, որ նոր համագործակցությամբ ոլորտում զարգացման նոր մակարդակ կարձանագրենք և կշարունակենք համատեղ գործնական քայլեր իրականացնել»,-նշել է նախարարը:
Բարձր գնահատելով նախկին համագործակցությունը և այն շարունակելու ներկայիս պատրաստակամությունը՝ տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվայան նշել է, որ այսօր իրենց երկրի համար շատ կարևոր է աշխատանքային միգրացիայի կանոնակարգման հետ կապված համաձայնագրի կիրառումը:
Նախարարը ևս կարևորելով երկրում միգրացիոն գործընթացների կանոնակարգման հարցը, հատկապես այն դեպքում, երբ երկրում առկա են աշխատանքային միգրացիոն հոսքեր, նշել է, որ խնդրի չկանոնակարգված լինելը առաջին հերթին մեծ ռիսկ է հենց ՀՀ քաղաքացիների համար՝ իրավունքների իրացման տեսանկյունից և պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով սկսել աշխատանքները:
Այնուհետև, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում նոր քաղաքականությունը, որը միտված է աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովմանը և աշխատունակ անձի՝ սոցիալական աջակցության տրամադրման ապախթանմանը: Նախարարն անդրադարձել է նաև բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական պաշտպանության մյուս ոլորտներում ընթացող փոփոխություններին:
Տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան բարձր է գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ ամբողջ աշխարհում սոցիալական ոլորտում աշխատելը չափազանց բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է:
Հանդիպման ավարտին հետագա աշխատանքների կազմակերպման և իրականացման համար երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել: