«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին, հնարավոր է` թույլ չտան մուտք գործել Ուկրաինա, որտեղ այս տարի անցկացվելու է երգի մրցույթը։ Լife.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, ընդգծելով, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պետք է ստուգեն՝ Արծվիկը Ղրիմում եղել և այնտեղ ելույթ ունեցե՞լ է, թե՞ ոչ, ապա միայն թույլ տան երգչուհուն իրենց երկիր մուտք գործել։
Տեղեկատվության առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Հանրային հեռուստաընկերությունից: Ինչպես մեզ հայտնեցին հասարակայնության հետ կապերի բաժնից, իրենք այդ մասին պաշտոնական որևէ գրություն չեն ստացել. «Հանրային հեռուստաընկերությունը թեմայի հետ կապված որևէ պաշտոնական նամակ կամ գրություն չի ստացել: Եվ այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները»:
Նշենք նաև, որ նույն կայքի փոխանցմամբ՝ Արծվիկի քույրը՝ Շողեր Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ երգչուհին Ղրիմում չի եղել:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթում Արծվիկ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի Fly With Me երգով։