«Այս նախաձեռնությունը բացահայտ բացասական ազդեցություն թողնող նախաձեռնություն է»,- հայտնեց Արծվիկ Մինասյանը Ազգային Ժողովի նիստին «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած հարցի քննարկմանն անդրադառնալով:
Պատգամավորը հայտնեց, որ նախագիծը չի դիմանում տնտեսագիտական քննադատությանը: Հիմնավորումը չի կարող լինել բացառապես, որ ՀՀ-ը փորձում է իր տնտեսությունը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության դրույքաչափերին: ՀՀ-ը ունի կարիք ոչ թե համապատասխանեցնելու դրույքաչափերը ապրանքների գները բարձրացնելով, այլ իջեցնելով որոշակի ապրանքատեսակների գները, որքան որ հնարավորություն ունի:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ չկա տրամաբանություն, որ օրենքում փոփոխություններ պետք է արվի հետագայում ՀՀ բյուջեն 9 միլիոն դոլար մուտք ունենալու համար: Փոփոխություններ կատարելու դեպքում հանգելու ենք հսկայական թվով աշխատատեղերի փակման, արտադրության ծավալների պակասեցմանը:
Գազի ակցիզավորումը ուղիղ հարված է մեքենա վարող քաղաքացիների գրպաններին, շեշտեց Արծվիկ Մինասյանը: «Եթե ես իմանամ, որ այս փոփոխությունով փոթորիկ ենք անելու, բյուջեն բերենք միլիոններով լցնենք, կասեմ այո: Բայց այս փոփոխության արդյունքում ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանն ենք հարված հասցնում, այլև փոքր ու միջին բիզնեսին: Իսկ ամենավատ բանը, որ անում եք, սեղմված գազի վրա ակցիզային հարկ դնելն է: Հիմա ես մեղադրանք եմ ներկայացնում ձեզ, որ դուք խրախուսում եք բենզին ու դիզվառելիք ներկրողների աշխատանքը: Դուք զարգացնում եք մենաշնորհը Հայաստանում»:
Արևիկ Նահապետյան