տուն Լուրեր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր է եղել

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր է եղել

90
0

Arcvik-Minasyan

ՀՀ ԱԺ-ում շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի  կատարողականի քննարկումը: Էկոնոմիկայի նախարարության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց նախարար Արծվիկ Մինասյանը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը բարձրաձայնեց «բաց երկնքի» քաղաքականության առաջացրած խնդիրների մասին: Պատգամավորն ասաց, թե «բաց երկնքի» քաղաքականությունը պատճառ դարձավ, որ մի քանի խոշոր ավիափոխադրողներ հեռանան Հայաստանից: Ըստ նրա` «բաց երկնքի» քաղաքականությունն ավիրեց ավիացիան: Վերջինիս դիտարկումները  դուր չեկան նախարար Արծվիկ Մինասյանին: «Ես հասկանում եմ` ընդդիմադիր եք, պետք է ամեն ինչ ավերվածությամբ ներկայացնել: Ես ինքս ընդդիմադիր եմ եղել, գիտակցում եմ` ինչ եմ ասում»,- արձագանքեց նախարարը:

Նա շարունակեց, թե «բաց երկնքի» քաղաքականությունը լավ հնարավորություն է, որ երկրում հայտնվեն նոր ավիափոխադրողներ: Նա պատգամավորներին ասաց, թե պատրաստ է ներկայացնել թվային ցուցանիշներ Վրաստանի հետ ունեցած գնային հարաբերակցության մասին: Մինասյանն, ըստ էության, չհամաձայնեց, թե Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստանում: Պատգամավորն, արձագանքելով նախարարի պատասխանին, ընդգծեց, թե ավերվել ասելով` նկատի չունի օդանավակայանի շենքի քանդումը, խոսքը վերաբերում է ոլորտի խնդիրներին, որոնք չեն լուծվում: Քոքոբելյանն ընդգծեց, թե այսօր շատ ՀՀ քաղաքացիներ արտերկիր են մեկնում Վրաստանից, քանի որ այնտեղ տոմսերն էապես էժան են:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե ՓՄՁ-ների աշխատանքը համակարգող կառույցի՝ ՓՄՁ ԶԱԳ-ի (զարգացման ազգային գրասենյակ), գոյության մասին հասարակությունը տեղյա՞կ է: «Վերջին մեկ կամ երկու տարիների տվյալներ ունե՞նք, թե այդ կառույցի կողմից վարկային ռեսուրսներ տրվելով, ի՞նչ տնտեսական արդյունք ենք արձանագրել»,- հարցրեց նա:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե  իրականում կասկածից վեր է, որ ՓՄՁ ԶԱԳ-ը  մեծածավալ աշխատանք է իրականացրել:
«Թվերը պատկառելի են, ու վարկային միջոցներն ուղղվել են հիմնականում մարզեր՝ 94%-ը։ Սակայն գնահատման տեսակետից խնդիր ունենք. ՓՄՁ-ների առանձին վիճակագրական հաշվառման աշխատանքներ չեն իրականացվում, ինչի արդյունքում թվերը, փաստորեն, կարող են խեղաթյուրվել: Կարիք կա նոր մոտեցումներ որդեգրելու, եթե հնարավոր չէ ԱՎԾ-ի մեխանիզմների միջոցով հասնել, պետք է օգտագործել հնարավոր տարբերակները, հաշվառման համակարգ ներդնելու համար, որ տեսնենք, զգանք, որքան է ՓՄՁ-ների աշխատանքը»,- ասաց նա: