Այսօր ձկնարտադրողների նկատմամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնց իրականացման համար մենք հետագա տարիներին շատ ափսոսալու ենք:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարդյունաբերողների միասնություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:
«Այն կարևոր բազմաշահավետ, բազմաբովանդակ առաջարկությունները և նախատեսված հանձնարարականները գերադաս մարմինների կողմից, ստորադաս կառույցները ոչ դիտավորությամբ, այլ շատ պատահականորեն ըստ իրենց ընկալման աստիճանի են իրականացրել: Կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ձկնարտադրության ոլորտում իրականացվող միջոցառումները կրում են միակողմանի և անտնտեսվար բնույթ: Բազում տարիների ընթացքում բնապահպանական բացթողումներ են եղել: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում փորձ է արվում ձկնարտադրողի շնորհիվ դա շտկել»,-ասաց Աթոյանը:
Նա հավելեց, որ այսօր տնտեսական բարդույթներ կան ձկնարտադրության զարգացման հետ կապված:
«Նրանք ունեն վարկային պարտավորություններ, իսկ արտարժույթի կտրուկ տատանումները նրանց տանում են դեպի քայքայում: Մեր արտադրողների հայտարարությունների համաձայն՝ արտահանման ծավալները նվազեցվում են, և այն սպասելիքները չեն, որ մենք ունեցել ենք»,-հավելեց Աթոյանը: