տուն Լուրեր Արսեն Բաբայանը լավ չի ուսումնասիրել կամ չգիտի «Զանգվածային լրատվության մասին» օրենքը....

Արսեն Բաբայանը լավ չի ուսումնասիրել կամ չգիտի «Զանգվածային լրատվության մասին» օրենքը. Մելիքյան

147
0

b111

«Բնականաբար, ես շատ լավ տեղյակ եմ ամեն ինչից, եւ հետեւում եմ իրադարձություններին: Այս միջադեպը տեղ կգտնի նաեւ մեր զեկույցներում, եւ ես համարում եմ, որ այստեղ աչառու մոտեցում է ցուցաբերել պարոն Բաբայանը, եւ ավելին, համարում եմ, որ օրենքի խախտում է թույլ տվել: Ես տեղյակ եմ, որ իրեն չի բավարարել այն հանգամանքը, որ այդ լրատվամիջոցի հիմնադիրը անհատ ձեռներեց է: Մինչդեռ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը նախատեսում է, որ նաեւ անհատ ձեռներեցը կարող է լինել լրատվամիջոցի հիմնադիր, եւ այդ առումով ես պետք է հղում անեմ «Զանգվածային լրատվության մասին»  օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետին, այսինքն նույնիսկ ֆիզիկական անձը կարող է լրատվական գործունեություն իրականացնել»: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն, անդրադառնալով ՀՀ ԱԺ Լրատվականի պետ Արսեն Բաբայանի որոշմանը: Նշենք, որ Xnews.am-ը հավատարմագրման հայտ էր ներկայացրել ԱԺ լրատվական բաժին, սակայն լրատվականի պետ Արսեն Բաբայանը մերժել էր, դրա մասին տեղյակ պահելով օրեր հետո միայն:

Աշոտ Մելիքյանի խոսքով Արսեն Բաբայանի այն հիմնավորումը, որ դիմումատուն անհատ ձեռնարկատեր է, ապա օրենքը նախատեսում է, որ կարող է դիմել որպես անհատ ձեռնարկատեր: «Եթե, ասենք, այնտեղ էլի տվյալներ պետք լինեին, ապա ողջամիտ ժամկետներում կարելի էր պահանջել եւ ստանալ այդ տվայլները: Ամենայն հավանականությամբ պարոն Բաբայանը չի ուզել գրանցել այդ լրատվամիջոցին, ինչը աչառու վերաբերմունք եւ խտրական մոտեցում է լրատվականների նկատմամբ, եւ ես կոչ կանեի, որ ինքն իր սխալն ուղղեր»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Հարցին, թե արդյոք Արսեն Բաբայանը չպե՞տք է  ենթարկվի պատասխանատվության, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ գործողությունը կարող է վիճարկվել դատական կարգով, եւ նախ պետք է դիմել նրա վերադասին: Ես գիտեմ, որ վերադասին դիմել է այդ լրատվամիջոցը, եւ եթե որեւէ դրական արդյունքի չհասնեն, ապա կարող են այդ որոշումը վիճարկել դատական կարգով»:

Աշոտ Մելիքյանն անդրադառնալով Արսեն Բաբայանի պարզաբանմանը, ասաց, թե հավատարմագրման կարգը բխում է օրենքից: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արսեն Բաբայանը գործընթացի ավարտից հետո է տեղյակ պահել, այն էլ ոչ գրավոր, պատշաճ կարգով՝ Մելիքյանը նշեց. «Ինքն ասում է՝ դա այնպիսի բան է, որ մեկ կամ մի քանի օրում ուղղելու չէ, այսինքն ինքը կարծել է, թե ԱՁ լինելը մեկ կամ երկու օրվա փոփոխելու հարց չէ: Ինքը կամ լավ չի ուսումնասիրել, կամ չգիտի «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, եւ իր ենթադրություններն է արել: Սա իր կողմից արված սխալ որոշում է, եւ պետք է վերանայվի»: