տուն Լուրեր Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը

Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը

104
0

Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը:

«Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց  տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի միջազգային հանձնառությունները: Հռչակագիրը իրենից ներկայացնում է հայտարարություն երկու ժողովուրդների միջև՝ սպորտի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում բարեկամություն հաստատելու մասին։ Այն որևե կերպ չի ոտնահարում գործադիր իշխանության իրավասությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում», նշել է քաղաքապետը։

«Սա մոլեռանդության հասնող հետապնդում է, որը ես դժվարանում եմ բացատրել, բայց որի սկզբնաղբյուրը ակնհայտորեն դիվանագիտական շրջանակներում է»,- բացատրել է Պասկալ Դոլը։ «Համենայն դեպս, զարմանալի է, որ չեղարկման է ենթարկվում բարեկամության մասին պարզ մի հայտարարություն և, մասնավորապես, երբ այն արված է տեղական մարմնի պատգամավորի կողմից, մի երկրում, որը որը խոսքի ազատության առաջատարն է համարվում: Նշեմ, որ քաղաքական և դատաիրավական նման մոլեռանդությունը գործում է միայն Արցախի դեմ» -եզրափակել է Պասկալ Դոլը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը: