Արդեն տևական ժամանակ է` մեդիադաշտում լուրեր են շրջանառվում, որ փակվելու է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` «Արմնյուզի» լրատվական թիմը տեղափոխվելու է «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվական ծրագիր:
Այս մասին գրում է yerkir.am-ը:
Խոսակցություններ կան, որ, միաժամանակ, կադրային փոփոխություններ են սպասվում «Ժամ»-ում: Համաձայն նույն աղբյուրի` երկու հեռուստաընկերությունների լրատվականների` աշխատանքից ազատված աշխատակիցներն աշխատանքի են անցնելու ATV-ում, որտեղ իբր նոր լրատվական է բացվելու:
Այսօր էլ ահա մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀԿ-ն առաջիկայում հեռուսատաընկերություն է ունենալու և այն կազմավորվելու է գործող հեռուստաընկերություններից մեկի` ամենայն հավանականությամբ, հենց «Արմնյուզի» հիմքի վրա:
Այս թեմայի շուրջ yerkir.am-ը զրույցել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ: Ըստ նրա` հեռուստաընկերությունը չի փակվելու, պարզապես ֆորմատային փոփոխություններ են լինելու: «Ֆորմատային փոփոխությունը վերաբերելու է ներքին կառուցվածքային բարեփոխումներին` աշխատանքի կազմակերպմանը և ներքին կառավարչական խնդիրներին»,- ասաց Արտակ Ալեքսանյանը և հավաստիացրեց, որ հեռուստադիտողը եթերում այդ փոփոխությունը չի զգալու: Հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է գնել «Արմնյուզը» կամ դրա հիմքի վրա իր հեռուստաընկերությունը ստեղծել, պատասխանեց. «Նման բան չկա, մեզ նման առաջարկ չի եղել: Իմ ունեցած տեղեկություններով` «Արմնյուզի» վերավաճառքի հարց դրված չէ»: Անդրադառնալով «Արմնյուզի» աշխատակիցների` այլ հեռուստաընկերություններ տեղափոխվելուն` Ալեքսանյանը նշեց, որ տեղեկությունների մի մասը ճիշտ է, մի մասը` չափազանցված: Ըստ նրա` դրանք վերաբերում են հոլդինգի ներսում աշխատակիցների միգրացիային և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դիտարկմանը, թե առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն, Ալեքսանյանը պատասխանեց, որ հնարավոր է` հունվարի կեսերից լինեն:«Բայց դա վերջնական հաստատված չէ, մինչև տարեվերջ բաժնետերերի ժողով պետք է լինի, և հանրությանը տեղյակ կպահենք փոփոխություներ մասին»,- ասաց նա:
Մանրամասները` yerkir.am կայքում: