«Արմենիա» Հ/Ը այս հեռուստասեզոնում կներկայանա ֆուտբոլային մեծ փաթեթով: ՈՒԵՖԱ-ի հետ «Արմենիա» Հ/Ը-ն կնքել է աննախադեպ պայմանագիր՝ ձեռք բերելով առաջիկա 4 տարվա ընթացքում 7 ֆուտբոլային մրցաշար ցուցադրելու իրավունքը:
Հեռուստաընկերության փոխանցմամբ, մինչև 2022 թվականը «Արմենիա» Հ/Ը եթերում կլինեն Ազգերի լիգայի 2018 և 2020 թվականների խաղարկությունները` ներառյալ եզրափակիչ մրցաշարերը, Եվրո-2020-ի և Մունդիալ-2022-ի ընտրական և Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարերը:
«Արմենիա» Հ/Ը գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի խոսքով՝ հեռուստաընկերությունը միակն է Հայաստանում, որը տիրապետում է նման քանակությամբ որակյալ ֆուտբոլային կոնտենտի:
«ՈՒԵՖԱ-ի հետ աննախադեպ պայմանագիր ենք կնքել: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ որևէ հեռուստաընկերություն երբևէ նման ծավալի ու բովանդակության պայմանագիր չի ունեցել ՈՒԵՖԱ-ի հետ» — նշում է Ռուբեն Մխիթարյանը:
Այսուհետև, ֆուտբոլային բոլոր մրցաշարերում, Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների միակ պաշտոնական ցուցադրողը «Արմենիա» Հ/Ը-նն է:
Հեռուստաընկերությանն է պատկանում նաև ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների ցուցադրման իրավունքը:
Սեպտեմբերից մինչև նոյեմբեր «Արմենիա» Հ/Ը-ն ամեն ամիս կցուցադրի Հայաստանի հավաքականի երկու խաղ: 4 տարիների ընթացքում ընդհանուր 40 հանդիպում` ներառյալ արտագնա խաղերը: Հեռուստահարթակը դառնում է նաև խթան՝ հայկական ֆուտբոլի մասսայականացման ու զարգացման համար: