ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկ առ մեկ այցելելու է Արագածոտնի մարզի բոլոր համայնքները առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին նա նշել է այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա առաջին կանգառն Ապարան քաղաքում էր, որտեղ նախարարն այցելել է քաղաքային երեք մանկապարտեզ:
Շրջելով մանկապարտեզների տարածքում` ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ եւ լսեց նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները: Նախարարը կարեւորեց երեխաների համար լավագույն պայմանների ապահովումը նախակրթական ուսումնական հաստատություններում, շեշտեց հատկապես ձմեռային ամիսներին անխափան ջեռուցման ապահովման անհրաժեշտությունը: Ջեռուցման խնդիր կար նաեւ Ապարանի դպրոցներից մեկում, որի պատճառով մարմնամարզության դասերը անցկացվում են սահմանված գրաֆիկի խախտումներով: Նախարար Երիցյանն առկա խնդիրների լուծման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց:
Այցի շրջանակներում Արագածոտնի մարզպետարանի դահլիճում Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ աշխատակիցների հետ: Նախարարը նշեց, որ տեղական ինքնակառավարման ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հետեւողական եւ նպատակասլաց աշխատանք: Արմեն Երիցյանը իր խոսքում հավելեց, որ Արագածոտնի մարզը հարազատ մարզ է իր համար, քանի որ երկար տարիներ մարզում աշխատել է որպես ոստիկան, ծանոթ է մարզում առկա խնդիրներին:
Արմեն Երիցյանը կոչ արեց համայնքների հետ միասնական աշխատանք կատարել, որպեսզի հնարավոր լինի համատեղ ջանքերով կերտել տարածքային կառավարման հզոր համակարգ: