ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Araratnews.am-ի հետ զրույցում, խոսեց օրեր առաջ ինքնաթիռում տեղի ունեցած դեպքի մասին՝ ընգծելով, որ այն, ինչ ինքն արել է, սովորական բժշկի կեցվածք է, որը չպետք է նման աղմուկ առաջացներ:
Մեր դիտարկմանը, թե մարդիկ դա ընկալեցին որպես հերթական PR քայլ առողջապահության նախարարի կողմից՝ դժգոհելով, որ սեփական PR-ով զբաղվելու փոխարեն, կարելի է ոլորտում առկա խնդիրների լուծմամբ զբաղվել, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն մեկն իր տեսակետը ձևավորում է սեփական աշխարհայացքի չափով: Ես չեմ կարող լինել մի վայրում, որտեղ օգնության կարիք ունեցող մեկը կա եւ այդ պահին մտահոգ լինել, թե իմ քայլն ինչպես կգնահատեն մարդիկ: Ցանկացած վայրում պատրաստ եմ որպես բժիշկ օգնություն ցույց տալ դրա կարիքն ունեցող մարդուն»:
Հիշեցնենք՝ Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն օրեր առաջ ինքնաթիռում վատացած կնոջ կյանք է փրկել:
Նախարարն անդրադարձավ նաեւ «Արմենիա» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքին. «Դատապարտելի է, որ հիվանդը կամ որևէ այլ քաղաքացի՝ անկախ կարգավիճակից, տարիքից, սեռից եւ պաշտոնից՝ բռնի ուժով փորձում է ինքնահաստատվել առողջապահական հաստատությունում, առավել եւս, եթե իրեն դրանից մի քանի րոպե առաջ օգնություն են ցույց տվել, ապահովել նրա կենսունակությունը»: