տուն Լուրեր Արմեն Մարտիրոսյան. ԱԱԾ հայտարարությունն ուղղված է ոչ միայն Զարուհի Փոստանջյանին եւ «Ժառանգությանը»

Արմեն Մարտիրոսյան. ԱԱԾ հայտարարությունն ուղղված է ոչ միայն Զարուհի Փոստանջյանին եւ «Ժառանգությանը»

96
0

armen-martirosyan

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ Araratnews.amը զրուցեց ԱԱԾ-ի՝ Զարուհի Փոստանջյանին ուղղված հայտարարության մասին:

-Պարո´ն Մարտիրոսյան,Ազգային անվտանգության ծառայությունն իր հայտարարությամբ Ձեր կուսակից Զարուհի Փոստանջյանին ի՞նչ մեսիջ հղեց:

-Ես չգիտեմ՝ ինչ մեսիջ հղեց ԱԱԾ-ն, բայց կարծում եմ՝ ԱԱԾ-ն կարևոր գործեր ունի, որոնք պետք է իրականացնի, ներքաղաքական կյանքին մասնակցելու փոխարեն  պետք է պետական անվտանգության խնդիրները լուծի: Այդ կառույցը շատ լավ գիտի՝ ինչ աստիճանի ընտրակեղծիքներ են եղել, տեղյակ է համակարգային կոռուպցիայից, շատ լավ տեղյակ է արտագաղթից եւ այլն… Այս հարցերով պետք է զբաղվի, ոչ թե հռետորաբանական ասված խոսքերը փորձի մեկնաբանել՝ այն էլ քաղաքական ենթատեքստով, որը բացարձակ իր գործառույթների մեջ չի մտնում: Լինելով կարևոր կառույց՝ ԱԱԾ-ն չպետք է հանդես գա անօրինական իշխանությունների կողմից որպես հերթական ուժային կառույց:

-Ի՞նչ եք կարծում հայտարարությունն անձամբ Զարուհի Փոստանջյանի՞ն էր ուղղված, թե՞ «Ժառանգություն» կուսակցությանը:

-Չեմ կարող ասել, դա իրենք պետք է մեկնաբանեն, բայց կարծում եմ՝ այդ հայտարարության կարիքը բացարձակ չկար: Չնայած, հնարավոր է, այն ուղղված է ոչ միայն Զարուհի Փոստանջյանին եւ «Ժառանգության»-ը, այլեւ բոլոր նրանց, ովքեր կփորձեն այս հանրաքվեի հետ կապված ակտիվություն ցուցաբերել (նկատի ունի առաջիկայում կայանալիք Սահմանադրական հանրաքվեն), բայց կարծում եմ՝ այդ ժամանակն անցել է. ի՞նչ տարբերություն՝ իշխանությունների կատարա՞ծը, թե՞ ԱԱԾ հայտարարությունը:

-Այսինքն՝ կարծո՞ւմ եք, որ սա զգուշացում է «Ոչ»-ի ճակատին:

-Կարող է զգուշացում է, ես չեմ փորձում ԱԱԾ-ի հայտարարության հիմքերը հաշվարկել, ցանկություն էլ չունեմ: Ազգային անվտանգության ծառայությունը չպետք է քաղաքական հայտարարություններ անի, ապօրինի կերպով կերտված իշխանության հենարանը լինի:

Ձեր նախկին գործընկեր «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը, մասնավորապես խոսնակ Վահան Բաբայանը եւս ԱԱԾ-ի հայտարարությունը համարում է «տեղին եւ ընդունելի»:

-Ամեն ինչ ակնհայտ է, մեկնաբալու բան չկա: Եթե փորձում են իշխանություններին պաշտանել, ապա իրենց խնդիրն է:

-Ձեր կուսակցությունը կարձագանքի՞ այդ հայտարարությանը:

-Մենք կքննարկենք, եթե անհրաժեշտություն լինի՝ կպատասխանենք:

Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ