Այն, ինչ իր ելույթում թույլ տվեց Սերժ Սարգսյանը, դուրս է քաղաքական տրամաբանությունից և հերթական դրսևորումն է բռնապետական կառավարման,- այսօր «ԳԱԼԱ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Աժ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Կապ չունի, թե ում է ուղղված այդ ելույթը: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր բռնազավթած լիազորությունների չարաշահում է թույլ տալիս: Սերժ Սարգսյանը իր համար որոշել է, որ պետք է սահմանադրական փոփոխություններ անի և ցանկանում է վերացնել ցանկացած խոչընդոտ, որ կա այդ փոփոխությունների ճանապարհին: Նա գտավ, որ այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Գագիկ Ծառուկյանն է ու անձնական հարձակում գործեց հենց նրա նկատմամբ»:
Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` օրեր առաջ հարցազրույցում կատարած դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը խանգարում է իրեն, Զարուհի Փոստանջյանին և այլ ընդդիմադիր պատգամավորների, Փաշինյանն ասաց.
«Ինձ խանգարել ու խանգարում է Սերժ Սարգսյանը: Ինչպես նախկինում, հիմա էլ իմ քաղաքական գործունեության հիմքում լինելու է Սերժ Սարգսյանին ու նրա վարչախմբին իշխանությունից հեռացնելը: Կարծում եմ` Արմեն Աշոտյանը շատ կեղտոտ խաղ է խաղում»,- իր խոսքում ասել է Փաշինյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, սակայն, Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել: Ընդհանուր առմամբ` ըստ Փաշինյանի` Քոչարյանն այս փուլում ցանկանում է զսպող դերակատարում ունենալ իշխանությունների համար:
Անդրադարձ կատարելով Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականներին, Փաշինյանն ասաց, որ չի պնդի, թե նրա այդ ասածների մեջ ճշմարտություններ չկային, բայց այն ամենն, ինչ նկարագրում էր Սերժ Սարգսյանը, թիվ մեկ պատասխանատուն հենց ինքն է՝ նշելով. «Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական չարիքն է»: