ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր, պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել մշակույթի նախարարությունը, որպեսզի թույլ չտա, որ մեր ազգային արժեքները, օրինակ` տոլման, հարևան-թշնամիները յուրացնեն՝ Ա. Ամիրյանը պատասխանեց. «Ի՞նչ քայլեր: Շարունակելու եմ Ամանորին համեղ տոլմա ուտել»:
Հիշեցնենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ը տոլման համարել է Ադրբեջանի մշակութային արժեք, իսկ Քոչարին՝ հայկական արժեք:
Նախարարի այս հայտարարության մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանից, ով հորդորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին հումորով վերաբերվել, իսկ նախարարի հայտարարությունն էլ այդ համատեքստում դիտարկել. «Մենք պետք է հիմիկվանից աշխատենք համախմբվել: Կառավարությունը պետք է հանձնարարականներ տա՝ ազգային արժեքները պաշտպանելու եւ հավուր պատշաճի ներկայացնելու համար»:
Նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանն էլ Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, թե չի լսել նախարարի հայտարարությունը, բայց ենթադրում է՝ Արմեն Ամիրյանն էլ մարդ է, հումորով պատասխան է տվել. «Մեր եղածը պետք է պաշտպանենք, բայց մենք լուրջ խնդիրներ ունենք: ՅՈՒՆԵՍԿՕ-ում եթե այդքան տգետ են, որ չգիտեն՝ թուրքը քոչվոր ազգ է, չէր կարող տոլմա պատրաստել, ուրեմն դասընթաց է պետք կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար»:
Նկարչի խոսքով` մշակույթի նախարարության հիմնական գործը մեր մշակույթի պաշտպանությունն է, նա պետք է մտահոգ լինի. «Այսօր ՀԿ-ներն են զբաղվում մեր ազգային արժեքների պաշտպանությամբ, մինչդեռ համակարգողը պետք է կառավարությունը լինի»:
Արմեն Ամիրյանի պատասխանն առնվազն տարօրինակ է, մյուս կողմից՝ նաև հասկանալի: Նժդեհական իշխանավորները հաթաթա են տալիս Բաքվին, մյուս կողմից էլ` մեր երկրի ձախողումը մատուցում որպես «անուշ լինի, Բաքու» խոսքով: Հետաքրքիր է՝ եթե պետությունը լուրջ չի վերաբերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու նրա որոշումներին, ինչո՞ւ են հայտեր ներկայացնում այդ կառույցին, իսկ հաղթանակի դեպքում էլ «Ֆեյսբուքով» աչքալուսանք տալիս:
Սոնա Դավթյան