Ես շատ եմ սիրում Հայաստանը, դրա համար էլ ապրում եմ Հայաստանում: Ճիշտ է ունեմ գրին քարտ, տարվա մեջ մի քանի ամիս լինում եմ ԱՄՆ-ում, բայց հավատացեք Հայաստանից թանկ տեղ գոյություն չունի և Հայաստանը սիրելով՝ ապրում եմ այստեղ՝ իմ երկրում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Արման Հովհաննիսյանը:
«Ես ամբողջ աշխարհում պրոպագանդում եմ հայրենասիրությունը և չեմ կարող ինքս արտագաղթել, որովհետև կստացվի՝ այն, ինչ երգում եմ, ինչի մասին երգում եմ՝ սուտ է»,- ասաց Արման Հովհաննիսյանը:
Հարցին՝ թե լուրեր են պտտվում իր աստղաբաշխական հոնորարների մասին, մասնավորապես հարսանեկան և ծննդյան երեկոներին երգելու համար՝ Արման Հովհաննիսյանն ասաց.
«Այո, մեր փրոդաքշնի գումարն այդքան է՝ 30 հազար դոլար, բայց ոչ ոք այդքան գումար չի կարող վճարել: Եղել են ժամանակին մարդիկ, ովքեր վճարել են, ես երգել եմ, բայց հիմա եկել է մի պահ, որ բոլոր այդ մարդկանց հետ ես ընկերություն եմ անում: Օրեր առաջ Փարիզում Արթուր Վարժապետյանի 50-ամյակն էր, ես երգել եմ, հիմա բոլորը կմտածեն, թե Արման Հովհաննիսյանը 30 հազար դոլար գումար է վաստակել, ոչ, պարզապես Վարժապետյանն իմ ընկերն է, ես էլ երգել եմ այդ միջոցառման ժամանակ: Ես կուզեմ, որ մեր հայրենակիցներն այնքան հարուստ լինեն, որ կարողանան շատ գումարներ վճարել, երգիչներն էլ շատ վաստակեն: Ոչ միայն երգիչները, այլ նաև մեր լրագրողները, երգահանները, դերասանները և բոլոր աշխատող մարդիկ շատ վաստակեն, ի վերջո այդ ամենից հզորանում է մեր պետությունը»,- ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ դա մեր ազգի պատիվն է. «Անկեղծ, ես կուզեի, օրինակ, ձեր ձեռքին լիներ 200 հազար դոլարանոց ժամացույց, դրանից ես ինձ միայն ուրախ կզգայի»:
Հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում ՊԵԿ-ի հայտարարությունները, ըստ որոնց մեր շոուբիզնեսի ներկայացուցիչները հարկեր չեն վճարում, Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ստեղծած «Արման Հովհաննիսյան փրոդաքշն» ընկերությունը տարիներ շարունակ պարտաճանաչ հարկեր է վճարում:
«Գիտեք, ես հորդորում եմ պատկան մարմիններին, որ նման հայտարարություններ անելուց առաջ տեսնեն, թե ով որքան է հարկ վճարում»,- ասաց Հովհաննիսյանը: