տուն Լուրեր Արկադի Փելեշյանը խմած վիճակում հայհոյում ու խփում էր գլխիս. Ավետարանական եկեղեցու...

Արկադի Փելեշյանը խմած վիճակում հայհոյում ու խփում էր գլխիս. Ավետարանական եկեղեցու առաջնորդ

136
0

Untitled

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեղեկատվություն էր ստացվել, որ երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Տեղեկատվությունը araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21.00-ին, երբ Արկադի Փելեշյանը 15 այլ անձանց հետ մտել է Հայ Ավետարանական եկեղեցի ու ցանկացել առանձին խոսել Ռ. Գրիգորյանի հետ. «Ասաց, որ ուզում է ինձ հետ առանձին խոսել, ինձ առանձնացրեց, ես էլ այդ սենյակում աթոռներ դրեցի, որ խոսենք, միամտաբար չհասկանալով, որ մի ուրիշ տղա էլ մտավ, ու Փելեշյանը, խմած վիճակում, սկսեց հայհոյել ու խփել գլխիս, իսկ այն մյուս տղան ամեն ինչ անում էր, որ ես չփորձեմ սենյակից դուրս գալ»:

Մեր հարցին, թե ինչը կարող էր ծեծի պատճառը լինել, նա պատասխանեց. «Շաբաթ օրը նրանք թոռնիկիս Արկադիի անունով օրացույցներ են տվել, որ կիրակի օրը դրանք եկեղեցում բաժանեն, բայց թույլ չեմ տվել, և ես ենթադրում եմ, որ պատճառը կարող էր դա լինել»:

Գրիգորյանը նաև հավելեց, որ աղմուկի պատճառով մարդիկ են օգնության հասել ու կանչել աղջկա ամուսնուն, ով Փելեշյանին և իր թիմակիցներին դուրս է հանել, հետո եկել են նաև ոստիկաններ. «Եթե այդ մարդիկ չգային, ամեն ինչ շատ ավելի վատ կվերջանար: Հարվածներից հետո գլխացավեր ունեմ, ամբողջ գիշեր չեմ կարողացել աչք փակել ուժեղ ցավերի պատճառով: Հիմա Դիլիջանում եմ, եկել եմ, որ գլուխս նկարեն»:

Պարզաբանումներ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանի հետ, ով այդպես էլ զանգերին չպատասխանեց: