Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների դեմ հարուցվել է քրեական գործ, երկրի Կենտրոնական բանկի իրականացրած արժույթի ֆյուչերսային առևտրային գործարքների կապակցությամբ, հայտնում է Ռիա Նովոստին:
Դատավոր Կլաուդիո Բոնադիոն գործ է հարուցել Արգենտինայի էկոնոմիկայի նախկին նախարար Աքսել Կիսիլյոֆի և ԿԲ նախկին ղեկավար Ալեխանդրո Վանոլիի դեմ։ Դատավորի խոսքով` արժույթի ֆյուչերսային գործարքները վնաս են հասցրել պետությանը: Յուրաքանչյուր մեղադրյալի ունեցվածքի վրա 1 մլն դոլարի կալանք է դրվել։
Համաձայն մեղադրանքի՝ Արգենտինայի ԿԲ-ն, որը ֆորմալ առումով համարվում է իշխանություններից անկախ, 2015 թ.-ին իրականացրել է արժույթի ֆյուչերսային վաճառք դոլարի դիմաց 10 պեսո փոխարժեքով, մինչդեռ իրական փոխարժեքը Նյու Յորքի բորսայում կազմել է 14-15 պեսո։ Դատավորի կարծիքով՝ այդ գործարքները չէին կարող իրականացվել առանց նախկին նախագահի և էկոնոմիկայի նախկին նախարարի հավանության։