Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, օրինագծի ընդունմանը կողմ քվեարկած թուրք պատգամավորները շարունակում են իրենց ազգակից ծայրահեղականների կողմից մահվան սպառնալիքներ եւ վիրավորանքներ ստանալ:
Մասնավորապես, Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Սեւիմ Դաղդելենը հայտարարել է, որ պետք է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա: Նրա խոսքով, պետք է արգելել բոլոր նրանց մուտքը Գերմանիա, որոնք սպառնում են Բունդեսթագի պատգամավորներին, այդ թվում Էրդողանի: Այս մասին թուրք պատգամավորն ասել է Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ սոցիալական ցանցերում իր դեմ արշավ է սկսվել. իր հասցեին մահվան սպառնալիքներ եւ վիրավորանքներ են հնչում, նույնիսկ իրեն անվանել են «Հայ պոռնիկ»: Օգտատերերից մեկն էլ պատգամավորի հասցեին գրել է. «Նրան գլխից խփողին՝ 100 հազար եվրո պարգեւավճար»:
Էրդողանն անձամբ էր կատաղի արձագանքելն Բունդեսթագի բանաձեւին, հայտարարելով, որ պետք է ստուգել Բունդեսթագի թուրք պատգամավորների արյունը, որոնք կողմ են քվեարկել բանաձեւին:
Պատգամավոր Դաղդելենը եւ Բունդեսթագի մյուս 10 թուրք պատգամավորները արժանացել են թուրք ծայրահեղականների սպառնալիքներին: Նրանց սպառնացել են սպանել, անգամ թերթերում ու մզկիթներում հրապարակել են նրանց անձնական տվյալները:
Սեւիմ Դաղդելեն հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մեևրկելը պետք է արձագանքի Էրդողանի նման հարձակումներին:
Ներկայումս Բունդեսթագի թուրք պատգամավորները գտնվում են ոստիկանության 24-ժամյա հսկողության ներքո, քանի որ Էրդողանը նրանց համեմատել է ահաբեկիչների հետ եւ կոչ արել ստուգել նրանց արյունը:
Նրանց նաեւ նախազգուշացվել է չայցելել Թուրքիա, քանի որ նրանց անվտանգությունը չեն կարող ապահովել:
Սոցիալ դեմոկրատ ազգությամբ թուրք Այդան Օզօղուզը կոչ է արել Գերմանիայում թուրքական ընկերություններին հստակ դիրքորոշում ցուցաբերել եւ դատապարտել մահվան սպառնալիքները: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի թուրքական կազմակերպությունները բացահայտ կերպով քննադատեն պատգամավորների դեմ ուղղված սպառնալիքները: Արդեն ամեն ոք պետք է հասկանա, որ մենք տեր ենք կանգնում մեր ծագմանը, սակայն մենք Թուրքիայի` դեպի այստեղ մեկնած ձեռքը չենք»,- ասել է Օզօղուզը: