Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի ընթացքում օգտագործում է բացառապես արևի էներգիան, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից ճանապարհվել է դեպի Արիզոնա: Դա ինքնաթիռի շուրջերկրյա թռիչքի եզրափակիչ մասն է, հայտնում է BBC-ն:
Արևային մարտկոցներով թռչող ինքնաթիռն 8 ամիս շարունակ վերանորոգվել է Հավայան կղզիներում: Մարտկոցները վնասվել էին անցած տարի, Ճապոնիայից ԱՄՆ թռիչքի ժամանակ:
Այդ յուրահատուկ ինքնաթիռի շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսվել է 2015թ. մարտի 9-ին, Աբու-Դաբիից: Այն արդեն անցել է Օմանի, Հնդկաստանի, Մյանմարի, Չինաստանի և Ճապոնիայի երկնքով մինչև ԱՄՆ` սահմանելով առանց կանգառի 120 ժամ թռիչքի ռեկորդ:
Սպասվում է, որ հունիսին ինքնաթիռը կհասնի Նյու Յորք, որտեղից կկատարի անդրատլանտյան թռիչք: Երթուղու վերջնակետը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքն է, որտեղից էլ մեկնարկել է թռիչքը: