տուն Լուրեր Արդարադատության նախարարությունը Հրաչյա Հարությունյանի տեղափոխման հետ կապված ժամկետներ չի կարող նշել

Արդարադատության նախարարությունը Հրաչյա Հարությունյանի տեղափոխման հետ կապված ժամկետներ չի կարող նշել

92
0

hrachya

Ռուսաստանյան բանտում գտնվող հայազգի վարորդ Հրաչյա  Հարությունյանին հայկական կողմին փոխանցելու ժամկետները հստակեցնել դեռևս հնարավոր չէ, Araratnews.am-ին ասացին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարարության հիմնավորման մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության ներպետական օրենսդրության համաձայն դատապարտյալի փոխանցման մասին վերջնական որոշումը կայացնում է դատարանը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դատապարտյալների փոխանցումը հիմնականում իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. կոնվենցիայով սահմանված կարգով: Արդարադատության նախարարությունից մեզ ասացին, որ իրենք նախապատրաստել և ՌԴ արդարադատության նախարարությանն են ուղարկել  կոնվենցիայով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը և այդ առնչությամբ այլևս անելիքներ չունեն։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հիշեցնենք, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ընդգծել էր՝ 2016թ-ին «այդ հարցով հստակ առաջընթաց են ակնկալում»:

«Նախարարը (Արփինե Հովհաննիսյան) հույս է հայտնել, որ դատապարտյալի փոխանցման հարցում այս տարի էական առաջընթաց կգրանցվի, սակայն դատապարտյալի փոխանցման փաստացի  իրականացման ժամկետներ չի նշել՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը»,- պարզաբանեցին արդարադատության նախարարությունից:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակին, որի հետ կապված նախարարությունը հարազատների կողմից 2016թ-ի փետրվարի 26-ին դիմում էր ստացել, ասացին՝ այս հարցում ևս իրենք միջամտելու իրավունք չունեն, օրենքը թույլ չի տալիս, ուստի դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` խնդրելով դիվանագիտական ուղիներով պարզել դիմումում բարձրացված խնդիրների իսկությունը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, սակայն  ԱԳՆ-ից դեռևս պատասխան չեն ստացել:

Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, սակայն արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հետ կապված՝ նշելով, որ հավելյալ հրապարակայնությունը կվնասի գործին:

Մեր հացրին՝ արդարադատության նախարարության ուղարկած գրությանն ի՞նչ ընթացք է տրվել, մամուլի խոսնակն ասաց. «Այդ մասով տեղեկատվությանը չեմ տիրապետում, չեմ կարող պատասխանել»:

ՀՀ արդարադատության նախարարությունից, այնուամենայնիվ, վստահեցնում են՝ մշտական կապի մեջ է ՌԴ արդարադատության նախարարության հետ և իրենց իրավասությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ անում են դատապարտյալի փոխանցման գործընթացն արագացնելու համար:

Հիշեցնենք՝ Տրոիցկի շրջանի դատարանը Հրաչյա Հարությունյանին 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ:

Շողիկ Գալստյան