տուն Լուրեր Արդարադատության նախարարը հակադարձեց Աղվան Հովսեփյանի դիտարկմանը (տեսանյութ)

Արդարադատության նախարարը հակադարձեց Աղվան Հովսեփյանի դիտարկմանը (տեսանյութ)

94
0

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն առաջարկեց վարչապետին` նիստի օրակարգից հանել օրակարգային առաջին հարցը: Նշենք, որ հարցը վերաբերում էր «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծին:

Աղվան Հովսեփյանն իր առաջարկը հիմնավորեց նրանով, որ ներկայացնող մարմինն իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին: «Հայաստանում չորս նախաքննական մարմին կա, ոչ մեկին դա չի ուղարկվել»,- շեշտեց Հովսեփյանը:

Հարցին միջամտեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ թեեւ համաձայնության փուլերում չի ուղարկվել, բայց կոմիտեի նիստի նյութերը ստացել են բոլոր մարմինները:

«Կոմիտեի նիստի նյութերն էլ չենք ստացել»,- կրկին ընդվզեց Հովսեփյանը:

Դավիթ Հարությունյանը շարունակեց պնդել, որ բոլոր մարմինների էլեկտրոնային փոստին ուղարկվել է, եւ տարիներ շարունակ աշխատում են այդ նույն սկզբունքով:

«Եվ եթե որևէ շահագրգիռ կողմ ունի առարկություն, գալիս կոմիտեի նիստում ներկայացնում է հարցը»,- պարզաբանեց Կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ առաջարկելով հարցը թողնել օրակարգում՝ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու հնարավորությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշեց հարցը թողնել օրակարգում՝ տրամադրելով 3 օր` լրացուցիչ քննարկման համար:

«Ուղղակի հարցը բովանդակային առումով հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշումներով, որն արդեն իսկ կարգավորված է, եւ դրա անհրաժեշտությունը չկա»,- շարունակեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը:

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց ի վերջո հարցը թողնել օրակարգում, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում:

«Առաջարկում ենք, որ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակի  հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կատարված հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ընդ որում, կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին»,- ներկայացրեց արդարադատության նախարարը:

Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանի դիտարկումներին, արդարադատության նախարարը հակադարձեց. «Պետք է ասեմ, որ այսպիսի տվյալներ այսօր էլ ներկայացվում են, եւ հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որևէ պարտականություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ կամ, այսպես ասած, պրակտիկայով»: