տուն Լուրեր Արդար եղեք եւ խիղճներդ հանգիստ ապրեք

Արդար եղեք եւ խիղճներդ հանգիստ ապրեք

134
0

xach

Անընդհատ ուզում էի գրել մեր հանրապետությունում նոր թափ ստացած եկեղեցաշինության մասին, բայց հապաղում էի՝ չլինի թե ինձ սխալ հասկանան։ Բայց, երբ կարդացի, որ օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը կկատարի կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողություն՝ որոշեցի գրել։

Ես ինքս հավատում եմ Աստծուն ու միշտ գնում եմ եկեղեցի։ Սակայն, երբ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ու անընդհատ լսում ենք, թե մեր հարեւան պետությունը մինչեւ ատամները զինված է նորագույն զինատեսակներով՝ արդյոք ավելի հայրենանվեր գործ չէր լինի այդ նորակառույց եկեղեցիների համար ծախսված գումարներով մեր բանակն ուժեղացնել, մեր սահմանները պահող զինվորներին զինել, իսկ նվիրատվություններն էլ, որ արվում են այդ եկեղեցիներին՝ նվիրաբերվեին մեր ազատամարտիկների ընտանիքներին։

Պետական հարկերից խուսափելո՞ւ, թե՞ հոգու փրկության ձեւ է սա…

Այդքան եկեղեցի կառուցելու փոխարեն նորոգեք հները, որոնք իսկապես հավատքով են կառուցվել, մեր պատմությունն ու մշակույթն են, իսկ այժմ քայքայման, քանդման վտանգի առաջ են կանգնած։

Այսքան ձեւականությունները բավական չէին, հիմա էլ՝ օրհնությունները։ Ի՞նչ է նշանակում կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողություն։ Այդ դեպքում ինչով են պակաս մյուս ոլորտների աշխատողները, որ հատուկ չեն օրհնվում։ Ինչու ենք այսքան խեղաթյուրում ամեն ինչ։ Վերջիվերջո, կարեւորը, մաքուր պահեք ձեր հոգիները, արդար եղեք ձեր գործերում ու, առանց ձեւական օրհնությունների, խիղճներդ հանգիստ ապրեք։

Հ.Գ.- Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների: Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները:
Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ:
(Ավետարան ըստ Մատթեոսի, 6:5-18)

Կարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ