Արցախն այն տեղը չէր, որտեղ պիտի անցկացվեր այս ակցիան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնություններից, նման կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը:
«Թեև այս ակցիան Արցախում սխալ էր, բայց, միևնույն ժամանակ, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այսպես վարվել մարդկանց հետ, առավել ևս երբ նրանք արդեն վերադառնում էին: Միթե հնարավոր չէր նախապես կանգնեցնել նրանց և հետ վերադարձնել առանց բռնություն գործադրելու: Ով է տեսել այդպիսի գունդ դուրս բերել մարդկանց վրա»,-նկատեց Ա. Սարգսյանը:
Հանդիպման հաջորդ բանախոս ՀՀԿ ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանի կարծիքով էլ այս ամենը հետևանքն էր նրա, որ մարդիկ միայն իրենց իրավունքների մասին են խոսում և հաճախ մոռանում պարտականությունները: Այն հարցին, թե ինչ պարտականության մասին է այս դեպքում խոսքըˋ բանախոսը նշեց. «Ես, իհարկե, չեմ ասում, որ երկրում հարցերը նման կերպ պետք է լուծվեն, ամեն ինչ պետք է օրենքի սահմաններում լուծվի և իրավունքներին զուգահեռ նաև պարտականությունների մասին պետք է խոսել: Սա իմ կարծիքն է, թող յուրաքանչյուրն իր տեսնակյունից մեկնաբանի, միայն կասեմ, որ հարցը լուծելու լավագույն տարբերակը բռնությունը չէր»։
Ըստ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչիˋ այս ամենի պատճառն այն է, որ բռնությունը չի պատժվում, ինչի արդյունքում հասարակությունը սովորում է դրան, ուստի քանի դեռ նման արարքները չեն պատժվում, դրանք շարունակական բնույթ են կրելու:
Վարդուհի Ստեփանյան