Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԵՏՄ- ում որոշվել է չեղյալ հայտարարել ապրիլի 7-8-ը Երևանում կայանալիք վարչապետների մակարդակով գագաթնաժողովը: Սակայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան չեղյալ չի հայտարարվել: Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Երևան տեղի կունենա նախապես համաձայնեցված օրը` ապրիլի 7-ին: Իսկ ապրիլի 8-ին Ռուսաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան:
Ինչ սպասելիքներ պետք է ունենալ և ինչ կտա ՌԴ վարչապետի այցը Հայաստան: Հարցերի մասին araratnews.am-ը զրուցեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ.«Ըստ էության Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ մեսիջներ փոխանակել իր գործընկերների հետ՝ Հայաստանում և Ադրբեջանում: Շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը նույնպես փորձում է հավասարակշռություն պահպանել: Պլանավորված չէր, բայց Մեդվեդևը Բաքու է գնում, որպեսզի չլինի կողմնապահություն: Ինձ համար ընդունելի և հասկանալի է Մինսկի խմբի, Եվրամիության, ՄԱԿ-ի հավասարակշիռ վերաբերմունը: Բայց Ռուսաստանը հավասարահեռ չէ, Ռուսաստանը Հայաստանի հետ միասնական կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մեջ է, այսինքն՝ Ռուսաստանը նման տիպի հայտարարություններ և նմանատիպ ոճ չի կարող ցուցադրել, բայց մենք տեսնում ենք, որ ցուցադրում է»:
Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի հավասար վերաբերմունքը հայկական և ադրբեջանական կողմի նկատմամբ բանակցային գործընթաց է հիշեցնում.«Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի բացառում, հնարավորության դեպքում իր վրա վերցնել բանակցողի ֆունկցիան, Ըստ էության՝ Մեդվեդևի այսպիսի այցը դա է հիշեցնում: Դրականը Մինսկի խումբն է, որը կարող է բերել ինչ-որ դիվանագիտական նոր բանաձևերի, որը կարող է հաշտեցման ինչ-որ գործողություններ սկսել, բայց Ռուսաստանն առանձին չի կարող որևէ դրական բան տալ գործընթացում, որովհետև Ռուսաստանն ունի հստակ արտահայտված շահեր, որոնք չեն համընկնում Հայաստանի շահերի հետ»:
Հայաստանի՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին խոսելիս, մեր զրուցակիցը նշեց, որ Արցախի ճանաչումը հայկական կողմի շահերից չի բխում.«Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը նշանակում է բանակցությունների վերջ, որովհետև մենք բանակցում ենք Ղարաբաղի կարագավիճակի շուրջ: Եթե մենք Ղարաբաղը ճանաչենք՝ դա նշանակում է՝ մենք դադարեցնում ենք բանակցությունները և սկսում ենք պատերազմը, իսկ Ռուսաստանն ավելի շահագրգիռ է պատերազմի վերսկսման մեջ: Դա կարող է հանգեցնել նրան, որ կողմերը Ռուսաստանից ակնկալեն խաղաղապահներ, իսկ խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի, նշանակում է Հայաստանը և Ղարաբաղը կկորցնեն վերահսկողությունը տարածքների նկատմամբ և այն ամբողջությամբ կանցնի Ռուսաստանին, որն Ադրբեջանի հետ տարածքների համար կարող է մտնել առևտրի մեջ»:
Աղասի Ենոքյանը նաև հավելեց, որ իր կարծիքով հակամարտությունը դեռ չի ավարտվել.«Ես չեմ կարծում, որ պատերազմն ավարտվել է, հիմա ուղղակի մի որոշ շրջան դադար է, որովհետև Ալիևը չհասավ իր նպատակին, իսկ իր նպատակը շլացուցիչ որևէ հաղթանակն էր:
Հիմա մեր բանակը բավարար է պաշտպանելու մեր տարածքները, բայց նոր տարածքներ վերցնելու համար բավարար չէ, մյուս կողմից էլ քաղաքական իմաստ չկա, վերցնենք էդ տարածքները, որ ի՞նչ անենք: Ես կարծում եմ, որ մեր բանակի խնդիրը պետք է լինի եղած սահմանագիծը պաշտպանելը, իսկ հիմնական բեռը հիմա պետք է դրվի մեր դիվանագիտության վրա, որը, ցավոք, կարծես թե թույլ է աշխատում: Համենայնդեպս, որքանով ես եմ տեղեկացված՝ մեր արտաքին գործերի նախարարը փոխանակ ակտիվ գործունեություն ծավալի, ինչ որ մշակութային հանդիպման է գնացել»: