Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը միջանկյալ հրապարակային զեկույց է հրապարակել ԼՂՀ խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին։
«Սույն թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային եւ բիրտ խախտումներով:
Այսօր հրապարակվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն լեզվով կազմված միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաեւ դրա սարսափեցնող հետեւանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության եւ բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաեւ ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցիալական ցանցերում: Ընդ որում, առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաեւ հանրային այլ անձանց՝ ատելություն եւ բռնություն քարոզող հետեւողական գործունեությունը:
Զեկույցում վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաեւ միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը:
Զեկույցը ներկայացվելու է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենական միջազգային եւ արտերկրյա հաստատություններին: