Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արցախի ճանաչման նախագծին: Նիստին ներկա էր նախագծի հեղինակներից Զարուհի Փոստանջյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության որոշումը փաստացի նշանակում է, որ գործադիրը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը: «Այս քայլն արդեն վաղուց էր հասունացել: Մենք գիտենք, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ: Ուստի, այժմ պետք է կատարել քայլ, որպեսզի ապագայում հնարավոր պատերազմների դեմ առնելու հարցում ունենանք գործըկերներ: Այս առումով ճանաչումն այլընտրանք չունի», — ասաց Փոստանջյանը:
Նրա խոսքով, ԼՂ անխակության հնարավոր ճանաչումը չի նշանում բանակցությունների ավարտ: «Մենք գործ ունենք ագրեսիայի հետ, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Բացի այդ, Արցախը, ինչպես և Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը 25 տարի առաջ իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և դուրս եկել ԽՍՀՄ կազմից», — ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ճանաչումը չի խանգարում բանակցային գործընթացին, քանի որ Ստեփանակերտն ինքն է ի զորու վարել բանակցություններ:
«Ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն, եւ այդ քաղաքական գործոնի հետ արդեն ե՛ւ բանակցում են, ե՛ւ այդ քաղաքական գործոնը կարողանում է ուժային դիրքերից հանդես գալ, իսկ մենք բավականին թույլ դիրքերից ենք հանդես գալիս»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ Արցախի անկախության ճանաչումը կանխարգելելու է նոր խնդիրները: