տուն Լուրեր «Արատտա» երիտասարդական ակումբի և «Քաղաքացիական պայմանագրի» առաջնային նպատակն է տեսնել նոր որակի...

«Արատտա» երիտասարդական ակումբի և «Քաղաքացիական պայմանագրի» առաջնային նպատակն է տեսնել նոր որակի հայ և քաղաքացի

155
0

1

Նոյեմբեր ամսին տեղի ունեցավ «Արատտա երիտասարդական ակումբ» ՀԿ-ի և Քաղաքացիական պայմանագրի երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված «Մամուլ և քաղաքականություն» դասընթացը: Շուրջ երկու ամսվա նախապատրաստական աշխատանքների շնորհիվ դասընթացին դիմողների համար նախապես պատրաստ էր դասախոսների և քննարկվող թեմաների շարքը: Սա հնարավորություն տվեց դիմորդների մեծ քանակությունից ընտրել հնարավորինս թիրախավորված, հետաքրքրված լսարան:
Դասընթացի կազմակերպիչներից Հովհաննես Բասենցյանը` «Արատտա» երիտասարդական ակումբի նախագահ և Քաղաքացիական պայմանագրի երիտասարդական նախաձեռնության անդամ, նշեց, որ իրենց համար առաջնային է եղել դասախոսների և քննարկվող թեմաների ընտրությունը. «Մենք ներառել ենք այնպիսի թեմաներ, որոնք արտահայտում են ժամանակակից իրականությունը, ներկայացնում են մամուլի կապը ժողովրդավարության, քաղաքականության, PR-ի, ՀՀ արդի հիմնախնդիրների, համաշխարհային քաղաքական ու տնտեսական իրադարձությունների, ահաբեկչության հետ»:
Դասախոսների շարքում ընդգրկված էին ամենատարբեր ուղղվածության և աշխարհայացքի տեր դասախոսներ, ինչը ապահովում էր բազմակարծության մթնոլորտը: Դասախոսների շարքում էին Հրանտ-Մելիք Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, Աստղիկ Ավետիսյանը, Տիգրան Փաշաբեզյանը, Նարեկ Գալստյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Աննա Իսրայելյանը, Աստղիկ Գևորգյանը, Լարիսա Ալավերդյանը:
Կազմակերպիչների ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ դասընթացը գրանցեց արդյունավետության բարձր մակարդակ: Տարբեր ուսանողներ տարբեր դասախոսների ու դասախոսություններ էին առանձնացնում որպես լավագույնը, սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ բոլոր դասախոսներն էլ կարողացել էին լուծել իրենց առջև դրված խնդիրը և յուրաքանչյուրը յուրովի էր հետաքրքրել ուսանողներին: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ իրենց ակտիվ մասնակցության համար: Ավարտական միջոցառմանը Հովհաննես Բասենցյանը կարևորեց, որ թե Արատտա երիտասարդական ակումբի, թե Քաղաքացիական պայմանագրի առաջնային նպատակն է տեսնել նոր որակի հայ և քաղաքացի: Այդ նոր որակի գրավականը պիտի լինի այն, որ Հայաստանում թե քաղաքական համակարգը, թե քաղաքացիական հասարակությունը աշխատեն որպես մեկ միասնական օրգանիզմ ի շահ Հայաստանի Հանրապետության և ողջ հայության: Այդ նպատակին են ծառայում նաև այս և սրանից հետո կազմակերպվող դասընթացները:

2 3