Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոլորտի մասնագետները խոսեցին խնդիրներից և դրանց լուծման տարբերակներից:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ ներկայում իրենք ծրագրեր են իրականացնում ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ, որի նպատակն է ընտրել և վերհանել ամենասուր էկոլոգիական խնդիրներն ու լուծում տալ դրանց:
«Արդեն իսկ ընտրվել են 11 թիրախային ուղղություններ, որոնք չլուծվելու դեպքում լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու հանրապետությանը: Այսօր կաևորագույն խնդիրներից մեկը ընդերքի օգտագործումն ու դրա` բնակչության վրա թողած ազդեցությունն է: Այստեղ դրականն այն է, որ որոշում է կայացվել պոչամբարներն օգտագործել որպես տեխնոլոգիա: Սրա ճիշտ գործարկման դեպքում մենք կկարողանանք մի շարք տնտեսական ու էկոլոգիական խնդիրներ լուծել»,-նշեց նա:
Բանախոսն ընդգծեց, որ ներկայում բավականին մտահոգիչ է Արարատյան արտեզյան ավազանի իրավիճակը, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում ռեսուրսների ոչ ճիշտ օգատգործման պատճառով այն հայտնվել է անապատացման եզրին: Բնապահպանն ընդգեց նաև, որ էկոլոգայի վրա դրական ազդեցություն կունենա թափոնների մասին մշակված նոր օրենքը, որը վաղուց պետք է մշակված լիներ:
Եզրափակելով՝ բնապահպանը նկատեց, որ առաջիկայում առաջարկների ամբողջական փաթեթը կներկայացվի Կառավարությանը: