Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ քաղաքացիները ահազանգել էին, որ Երևանի 2800-ամյակի այգում՝ Մյասնիկյանի արձանի հարակից այգում, ծառերի մեծ մասը հատված է, եւ որպես ապացույց հրապարակել էին լուսանկար, ինչպես նաեւ այգու նախկին տեսքը:
Լուսանկարներում երևում է ինչ-որ կառույցի հիմք։ Չնայած նրան, որ շինարարությունը «զմռսված» էր երկաթե թիթեղներով և «Ավելի բարեկարգ Երևան» պաստառներով, Araratnews.am-ի լրագրողին հաջողվեց մուտք գործել շինհրապարակ։ Տեղում աշխատողները պնդել են, որ այգում կառուցվում է շատրվանների համալիր, ինչպես պատկերված է նախագծում, սակայն, այնուամենայնիվ, նրանք խոչընդոտել են լրագրողի աշխատանքը՝ թույլ չտալով պատշաճ լուսանկարներ անել։
Բարեկարգումն իրականացվում է ծառերի հաշվին. ինչպես մեր լրագրողն արձանագրեց՝ կտրել են մշտադալար ուռենիներ, բազմաթիվ հաստաբուն ծառեր:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգում ձեռնարկվել են բարեկարգման եւ շատրվանների կառուցման աշխատանքներ, որոնք ստանձնել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ որպես նվեր Երեւանին՝ 2800-ամյակի առթիվ:
Քիչ առաջ նաև Երևանի աղաքապետարանն արձագանքեց բարձրացրած աղմուկին, մասնավորապես նշելով, որ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: