Այս պահին Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները բողոքի ակիցա են իրականացնում գյուղի կենտրոնում՝ գյուղապետարանի հարևանությամբ: Պատճառն այն է, որ տարիներ առաջ, երբ նախագծվում էր հյուսիս-հարավ ավտոճանապարհը, բնակիչներին վստահեցվել է, որ կկառուցվի նաև կամուրջ, որը կկապի գյուղը Մասիս քաղաքին ու այն հողատարածքներին, որոնք գյուղաբնակները մշակում են:
Սակայն բնակիչները հույս չունեն, որ այդ կամուրջը կկառուցվի ու հայտարարում են, որ իշխանությունները հերթական անգամ խաբել են իրենց: Ինչպես հայտնում է Araratnews.am-ի թղթակիցը, այսօր առավոտյան բնակիչների հետ են հանդիպել ճանշինի ղեկավարները ու հերթական անգամ վստահեցրել, որ կամուրջը կկառուցվի:
Բնակիչները, սակայն, նշում են՝ չեն հավատում խոստումներին, գյուղապետն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կամուրջը կկառուցվի, իսկ աշխատանքները կմեկնարկեն մարտի վերջին ու կավարտվեն այս տարվա վերջ:
Գյուղաբնակներն ասում են՝ կսպասեն մինչև մարտի 10-ը, սակայն եթե որևէ քայլ չկատարվեց՝ կփակեն Երևան տանող ավտոճանապարհը: