Երևանի «Արարատը» հայտարարել է Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիր կնքելու մասին:
Սիմոնյանի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2020 թվականի օգոստոսը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Արտյոմը 9 հանդիպման է մասնակցել, իսկ «Ալաշկերտի» գույները պաշտպանում էր 2017 թվականից` այս ամբողջ ընթացքում դառնալով 3 գոլի հեղինակ:
Ավելի վաղ, «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը, մեկնաբանելով Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը խզելու մասին որոշումը, հայտարարել էր հետևյալը.
«Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը խզել ենք, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին` չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտի» հետ:
Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ` առանց իր ակումբի իմացության»,- աել էր Բագրատ Նավոյանը: