Քանի դեռ փոխհրաձգությունը շարունակվում է, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, որեւէ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը շփման գծում, քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր։ «Նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ՝ վստահության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ ժողովրդի դեմ»,- նշել է Շարմազանովը։
Նրա խոսքով, այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, քանի դեռ գնում են մարտական գործողություններ, Ադրբեջանը խախտում է թե հրադադարի պայմանագիրը, թե Մոսկվայում ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը։ «Հայաստանը մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, որեւէ մեկը առանց Ստեփանակերտի չի կարող լուծել հարցը»,- նշել է նա։
Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին Շարմազանովը պատասխանել է. «Կգա ժամանակը, կասենք։ Այս պահին կարող եմ ասել, որ մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք։ Ուզի Ադրբեջանը, չուզի, ուզի Թուրքիան, թե չուզի, պայքարը ԼՂ ժողովուրդը սկսել է անկախության համար, եւ Հայաստանը սատարելու է նրանց արդար պահանջին»։
ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աղմկահարույց հայտարարությունների մասին։ «Թյուրընկալում է եղել իմ գործընկերոջ հարցազրույցի կապակցությամբ։ Հերմինե Նաղդալյանը հարցազրույց է տվել, ասել, որ ԼՂ ճակատագիրը լուծելու բանալին Ստեփանակերտում է»,- փորձել է մեղմել ԱԺ մյուս փոխնախագահը։