Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Araratnews.am-ին եւս հայտնել էր, որ կողմ է՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների համար նախատեսված բյուջեն ուղղվի սահմանամերձ համայնքների ու դրանց բնակիչների կարիքները հոգալուն:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դերասանուհին մանրամասնել է . «Միանշանակ` այո: Ընդհանրապես ես կարծում եմ` «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները` որպես տոն, կարեւորվում են մի դեպքում` եթե բոլորն են տոնում այդ տոնը: Եթե ինչ-որ մի նեղ զանգված տոնում է, իսկ մյուս կարեւորագույն զանգվածը պաշտպանում ու պահպանում է այդ նեղ զանգվածին, ուրեմն պետք է, բնականաբար, այդ գումարները ուղղվեն սահմանամերձ գոտու ամրապնդմանը առաջին հերթին: Ասեմ ավելին. այսքան տարիների ընթացքում պետական միջոցառումների բյուջեները լավ կլիներ` ուղղվեին սահմանամերձ գոտու ամրապնդմանը` անկախ այս ֆորսմաժորային իրավիճակից: Մենք երեւի մի քանի տարով ուշացել ենք»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:
Երեւանի քաղաքապետարանից նա այս տարի առաջարկ չի ստացել` վարելու տոնական միջոցառումները: Չի ստացել նաեւ նախորդ տարիներին: «Արդեն մի քանի տարի է, ինչ հրավեր չունեմ, սակայն եթե անգամ ունենայի, գուցե ավելի շատ հնարավորություն ունենայի իմ լծակները օգտագործելու եւ ասելու` եկեք չանենք»,- պատասխանեց հաղորդավարուհին, այնուհետեւ հավելեց. «Ես որպես քաղաքացի կասեմ, ոչ որպես հաղորդավար: Հենց որպես քաղաքացի կարծում եմ, որ պարտադիր պետք է այդ բյուջեն որեւէ կերպ ուղղել սահամանամերձ գոտուն` կա´մ դրա ամրապանդնմանը, կա´մ այն ընտանիքներին, որոնք կրել են լուրջ վնասներ եւ այն մարդկանց, ովքեր ունեն առողջական խնդիրներ հենց դրա պատճառով: Եթե չլինի սահմանի ամրությունը, մենք այստեղ ոչ միայն Երեւանի տոն, Երեւա´ն չենք ունենա: Ինչի՞ մասին է խոսքը»: