ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ երկօրյա
աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի շրջանակներում պատվիրակությանն
ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Նախագահ Բակո Սահակյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության
համար` նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ այս այցելությունը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և
Արցախի միջև բնապահպանական ոլորտում համագործակցությունն ավելի սերտացնելու համար, մասնավորապես նշելով.
«ՀՀ բնապահպանության նախարարությունը հաջողված քայլեր է ձեռնարկում միջազգային մի շարք բնապահպանական
կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ և այդ կազմակերպությունների հովանու ներքո իրականացվող ծրագրերում
ակնկալում է տեսնել ԼՂՀ համապատասխան կառույցի ակտիվ մասնակցությունը»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների
համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա
միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Կոմիտաս Կարապետյանը:
Ոլորտային քննարկումները շարունակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի
մոտ կայացած հանդիպման ընթացքում:
Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության
համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության
հետ՝ բնական ռեսուրսների պահպանության և շահագործման առումով: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ
աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումներն առաջիկայում տալու են իրենց
դրական արդյունքները:
Փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը Արամայիս Գրիգորյանին է հանձնել ԼՂՀ վարչապետի հուշամեդալը, որը նրան շնորհվել է
հայրենիքին մատուցած ծառայությունների համար: