տուն Լուրեր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները պետք է դադարեցնել. Քաղաքաշինության պետական կոմիտե

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները պետք է դադարեցնել. Քաղաքաշինության պետական կոմիտե

119
0

Այս օրերին քաղաքաշինության պետական կոմիտեն ստացել է բազմաթիվ դիմումներ և արձագանքներ՝ Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ: Մեզ են դիմում ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Իրենց մտահոգությունն են մեզ հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգները:

Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի. նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները: Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:

Քաղաքաշինության պետական կոմիտե