Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Գոռ Երիցյանի վերջին մենամարտի և WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոնական գոտին նվաճելու մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Գոռ Երիցյանը հաղթանակ տոնեց ֆիլիպինցի Ալվին Լագումբայի նկատմամբ՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով երկրորդ ռաունդում:
«Շատ կարճ մենամարտ էր: Մենք ցանկանում էինք երկար տեսնել Գոռի հնարավորությունները, այն ամենը, ինչ նա կարող էր ցույց տալ մարզասերներին: Նա հիանալի մենամարտ անցկացրեց և նվաճեց WBO-ի աշխարհի երիտասարդների գոտին:
Այս հաղթանակը Գոռին դուրս կբերի նոր ճանապարհի վրա: Գոռն արդեն իսկ իր մասին հայտարարել է բռնցքամարտի աշխարհում: Հույս ունեմ՝ մոտ ժամանակներս կտեսնենք էլ ավելի լավ մենամարտներ»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արամ Դավթյանը նշեց, որ Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտի հարցում դեռևս հստակություն չկա.
«Բռնցքամարտիկների համար շատ դժվար փուլ է ոչ այնքան բուն մենամարտը, որքան պատրաստվելու գործընթացը: Մենամարտերին պատրաստվելը տևում է մոտ երկու ամիս: Այդ ընթացքում բռնցքամարտիկներն ասես ամեն ինչից զրկված լինեն: Սա հոգեբանական պահ է, քանի որ պետք է մտածել նաև մարդկանց մասին, չէ՞ որ բռնցքամարտիկները ևս պետք է հանգիստ ունենան, ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների, մտերիմների հետ:
Դրա համար հունվարին Գոռը կհանգստանա, իսկ հետո կորոշենք և կտեղկացնենք անելիքների մասին: Աստիճանաբար պետք է կարգով ավելի բարձր մրցակիցների հետ մենամարտենք»:
Արամ Դավթյանն ընդգծեց Գոռի Երիցյանի հաղթանակում մարզիչ Դավիթ Թորոսյանի դերակատարությունը: Դավթյանի խոսքով՝ Դավիթ Թորոսյանի շնորհիվ Գոռ Երիցյանը, ինչպես նաև Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը շատ խելացի են մենամարտում.
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Դավիթ Թորոսյանին, քանի որ նա մեր բռնցքամարտիկներին սովորեցնում է ինտելեկտուալ մենամարտել: Դա շատ կարևոր է: Ինտելեկտուալ բռնցքամարտի մակարդակը շատ բարձր է: Ինչո՞ւ Գոռը հաղթեց երկրորդ ռաունդում, որովհետև նրա մենամարտելու ինտելեկտը շատ բարձր է:
Գոռի մրցակից Ալվին Լագումբայն ուներ 10 հաղթանակ, որից 9-ը՝ նոկաուտով: Այսինքն՝ մեկ սխալի դեպքում մրցակիցը կարող էր հաղթանակի հասնել, բայց Գոռի ինտելեկտը շատ բարձր է, և նա սխալներ թույլ չտվեց: Հայտարարում եմ, խորհուրդ եմ տալիս՝ ոչ մի բռնցքամարտիկ թող դուրս չգա Գոռի դեմ, քանի որ դա բոլորի համար վտանգավոր է»:
Արամ Դավթյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում լինելու են մենամարտեր ԱՄՆ-ում, սակայն դեռևս չցանկացավ բացել չակերտները: