Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրություն անցկացնելու համար Ստամբուլի նահանգապետարան դիմում չեն ներկայացնելու:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Արամ արքեպիսկոպոսն այդ որոշումը բացատրել է նրանով, որ պատրիարքի ընտրությունների մասին տեղեկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դրա համար էլ նահանգապետարան դիմելու կարիք այլևս չկա:
«Հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ հարցի մասին: Քանի որ նախագահը տեղյակ է խնդրի մասին, նահանգապետարան չենք դիմի»:
«Ակօսի» դիտարկմամբ՝ այսպիսով, պատրիարքի ընտրությունն անցկացնելու գործընթացն ընդհատվեց և թողնվեց հանրաքվեից հետո: