տուն Լուրեր Արամ Առաջինը ՄԻԵԴ-ից պահանջում է արագացնել Թուրքիայի դեմ ներկայացված հայցի դատաքննությունը

Արամ Առաջինը ՄԻԵԴ-ից պահանջում է արագացնել Թուրքիայի դեմ ներկայացված հայցի դատաքննությունը

101
0

The 5th Armenia-Diaspora Conference ceremonially opened at the Opera House

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հանձնարարությամբ կաթողիկոսության իրավական հանձնախումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ կոչ անելով արագացնել Սիսի կաթողիկոսարանին պատկանած կալվածքների վերադարձի հարցով դատաքննությունը։ Ինչպես երեկ ուշ երեկոյան տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ՄԻԵԴ-ին կոչ է արվում 2016 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված դատական թղթածրարը Թուրքիայի դատարանին չհղել՝ նկատի ունենալով Թուրքիայի ներքաղաքական անորոշ վիճակը, դատական-իրավական օրենքների խախտումը, դատավորների եւ փաստաբանների նկատմամբ ապօրինի վերաբերմունքը եւ, ընդհանրապես բռնատիրական վիճակը։ «Արդարեւ, մտահոգիչ կացություն է, որի մասին Եվրախորհրդի Մադուր իրավունքների հանձնակատարը փետրվարի 15-ին, Վենետիկի հանձնաժողովը մարտի 13-ին, ինչպես նաեւ բազում երկրներ եւ կազմակերպություններ հայտնել են իրենց մտահոգությունները»,- ասվում է Արամ Առաջինի՝ ՄԻԵԴ-ին հասցեագրած նամակում։

2016 թվականի դեկտեմեբրի 6-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի կաթողիկոսարանի կալվածքները վերադարձնելու պահանջով ՄԻԿԵԴ-ում դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի։ «Եկել է ժամանակը ճանաչման փուլից անցնելու փոխհատուցման փուլի` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը»,- ՄԻԵԴ դիմելու առնչությամբ հայտարարել էր Արամ Առաջին կաթողիկոսը՝ ընդգծելով, որ սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո:

Մինչ ՄԻԵԴ դիմելը՝ 2015 թվականի ապրիլի 28-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսարանի կալվածքները: 2015 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանը համաձայնել էր քննել գործը եւ դատական ծանուցագիր էր ուղարկել արդարադատության նախարարություն` նպատակ ունենալով լսել վերջինիս տեսակետը: 2016 թվականի հունիսին արդարադատության նախարարությունը որոշել է, որ նման հարցով հայցի քննարկումը չի մտնում Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակների մեջ: Դրա հիմա վրա էլ Սահմանադրական դատարանը մերժել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցը: Նման պատասխան ստանալուց հետո էլ կաթողիկոսությունը որոշում է կայացրել դիմել ՄԻԵԴ։

Հայոց պատմությունից հայտնի է, որ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կիլիկիայում հայկական անկախ իշխանությունների առաջացման պայմաններում, կաթողիկոսական աթոռը եւս տեղափոխվել է Կիլիկիա։ Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441 թվականներին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն եւ տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը 1293 թվականին տեղափոխել է Սիս: Գրիգոր Է Անավարզեցին կաթողիկոսանիստ է դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սիսն ունեցել է մի քանի եկեղեցիներ ու վանքեր: Հայոց թագավոր Լեւոն Բ-ի օրոք (1198-1219) հիմնվել են Սուրբ Էջմիածին կաթողիկեն, Սուրբ Մարինե եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Հայոց թագավոր Հեթում Ա-ի օրոք (1226-1269) կառուցվել է արքունական Սուրբ Սոփի (Սուրբ Սոֆիա) եկեղեցին: Այն 1266 թվականին ավերել եւ հրկիզել են Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը: Կիլիկիո կաթողիկոս Կիրակոս Ա Աջապահյանը 1810-1822-թվականներին նորոգել է այն, վերանվանել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ աթոռանիստը փոխադրել այնտեղ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ ՄԻԵԴ ներկայացված դատական հայցում հատուկ շեշտվում է հենց դրա վերադարձը: Բացի այդ՝ եղել են նաեւ այլ եկեղեցիներ, որոնցից շատերը ավերվել են:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած եւ հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգեւոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր Աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան եւ վերահաստատվել իր նախնական վայրում՝ Էջմիածնում: Ամենայն հայոց կաթողիկոսությունը էջմիածին վերադարձնելուց հետո՝ 1446 թվականից, Սիսի կաթողիկոսարանը դարձել է նորահաստատ Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ կենտրոն: Սակայն, Հայոց ցեղասպանությունից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը տեղափոխվել է Անթիլիաս (Լիբանան), որտեղ էլ հիմա գտնվում է: