Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Սիրիայում գտնվող Հայաստանի մարդասիրական խմբին:
Արամ Ա կաթողիկոսը, ողջունելով ներկաներին, կարևորել է մարդասիրական խմբի գործունեությունը: «Որտեղ էլ գտնվենք, մեզնից յուրաքանչյուրն իր ձևով, իր մոտեցումով պետք է մասնակից դառնա Հայրենիքի հզորության հավաքական աշխատանքին, ինչը սովորական գործ չէ, այլ առաքելություն է: Այլ խոսքով, Հայաստանի հզորացումը Արցախով, մեր ժողովրդի բոլոր զավակների համար հայրենակերտման առաքելություն է: Այստեղ ձեր ներկայությունը մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ներկայությունն է», — ասել է կաթողիկոսը:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: