ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքում ներկայացրել է Հայաստանի առաջնությունը պրոֆեսիոնալ կարգավիճակից զրկելու մասին լուրերը.
«ՆԱԽԱԲԱՆ
2016թ․ փետրվարի 5-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի արտահերթ նիստը, որի ընթացքում, հիմք ընդունելով 2015թ. նոյեմբերից 2016թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաև ակումբի աշխատակիցների և սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային և վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը, ՀՖՖ Արտոնագրման Կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016թթ. մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը։
Դրանից հետո ոչ առաջատար մեկ-երկու կայքերում հայտնված տեղեկությանը՝ ըստ որոնց «Ուլիս» ՖԱ-ի լուծարումից հետո Հայաստանի առաջնությունը, իբր, կարող է զրկվել պրոֆեսիոնալ կարգավիճակից և տեղ կորցնել Եվրոպական ակումբային մրցաշարերում ՀՖՖ-ն պաշտոնապես չարձագանքեց՝ նկատի առնելով, որ այդ հրապարակումներում բացակայում էին մասնագիտական, պրոֆեսիոնալ հղումները։ Եվ խնդիրը կարծես չէր քննարկվում, քանի որ այն տարածող կայքերը կասկածելի վարկանիշ ունեին:
Այնուամենայնիվ, ս.թ. փետրվարի 10-ին armsport.am կայքի հարցմանն ի պատասխան` ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը, հենվելով ՈՒԵՖԱ-ի համապատասխան կանոնակարգերի վրա, հակիրճ պարզաբանում տվեց՝ բացառելով իրադարձությունների նման ընթացքը։ Այդուհանդերձ, ս.թ. փետրվարի 17-ին ֆրանսիական «L’Equipe» պարբերականը՝ իր պրոֆեսիոնալ գործունեությանը անհարիր՝ հենվելով ոչ պաշտոնական աղբյուրների վրա անհեղինակ մի հրապարակում տարածեց` կրկին նշելով, որ Հայաստանի առաջնությունը կկորցնի իր պաշտոնական կարգավիճակը: Դրանից հետո հայկական մեդիայի տարբեր միջոցներ կրկին շտապեցին արտատպել այդ «նորությունը», մանավանդ, որ այն զարմանալիորեն արտատպել էր նաև ռուսական «Սպորտ էքսպրես»-ը: Նկատի առնելով, որ կրկին տարածվում է մի անճշտություն, պրոֆեսիոնալ հենքից զուրկ մի հայտարարություն, չնայած այն հանգամանքին, որ ՀՖՖ-ն արդեն անդրադարձել էր վերոնշյալ հարցին, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը որոշեց պաշտոնական կայքի միջոցով ընդարձակ, հանգամանալից և կանոնակարգային պարզաբանումներ տալ՝ զրուցելով ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանի հետ.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
— Շրջանառվող տեղեկությունների համար,որպես հիմք, ընդունվում է առեղծվածային ինչ-որ կանոն, համաձայն որի ՈւԵՖԱ-ն անդամ ասոցացիաներից պահանջում է, որ բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գան առնվազն 8 թիմ:
Նախորդ շաբաթ armsport.am կայքին տված հարցազրույցում ներկայացրել էի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կամ Եվրոպա Լիգայի խաղարկություններում մասնակցության տեղերի և դրանք վաստակելու հիմունքները: Հայաստանի, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր մյուս երկրների մասնակցության տեղերը վերոնշյալ մրցաշարերում որոշվում է միմիայն ՈՒԵՖԱ-ի ասոցացիաների և ակումբային վարկանիշային աղյուսակներով: 2015/2016 թթ. մրցաշրջանից առաջ Հայաստանն այդ աղյուսակում զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը: Այդ վարկանիշը թույլ է տալիս ունենալ 1 մասնակից Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման փուլում (երկրի չեմպիոնը) և 3 մասնակից Եվրոպա Լիգայի խաղարկությունում (առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրները և Հայաստանի գավաթակիրը): Այս դրույթը մինչ օրս ուժի մեջ է և որևէ հավելում կամ լրացում չունի:
ՈւԵՖԱ-ն իր մրցաշարերին մասնակցելու հնարավորություն է ընձեռում՝ հիմնվելով միայն վերոնշյալ աղյուսակային դասակարգման վրա: Ինչ վերաբերում է տարակարծիք մեկնաբանություններին և անհասցե ու անանուն կարծիքներին, ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժինը ստիպված է ևս մեկ անգամ փաստել, որ նույնիսկ բավական հայտնի ֆրանսիական մեդիայի անհեղինակ հրապարակման ոչ պաշտոնական աղբյուրին հղում տալը խոսում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին:
Անընդունելի է, որ հղումը թե «L’Equipe»-ում, թե այլ մեդիաներում արվում է «առեղծվածային» կետին՝ «ՈւԵՖԱ-ի կանոնակարգերին» հղում տալով, իսկ թե որ կանոնակարգի և որ հոդվածի մասին է խոսքը, անհայտ է: Ի վերջո ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերը բաց են ընթերցելու համար և կարելի է ցանկացած բան ստուգել սեփական նախաձեռնությամբ: Ի տարբերություն հրապարակում/ների հեղինակների, մենք ևս մեկ անգամ մանրակրկիտ ուսումնասիրեցինք (թեև դա անում ենք ամեն օր) ՈՒԵՖԱ-ի 2015-16թթ. մրցաշարերի բոլոր կանոնակարգերն անխտիր, սակայն առաջնության մասնակիցների քանակի վերաբերյալ և սրանից բխող կարգավիճակի փոփոխության մասին որևէ դրույթ կրկին չհայտնաբերեցինք:
Փոխարենը, «ՈւԵՖԱ-ի՝ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի 2015/16թթ. մրցաշրջանի համար նախատեսված կանոնակարգերի հոդված 3-ի (մրցաշարի մասնակցության կարգ), ինչպես նաև հավելվածներ A և D-ի համաձայն, ՈւԵՖԱ-ի անդամ ասոցացիաները և ասոցացիայի ակումբները ներգրավվում են ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարեր իրենց տնային առաջնությունների միջոցով՝ համաձայն տվյալ ասոցացիայի վարկանիշային աղյուսակում գրաված հորիզոնականի, իսկ այդ վարկանիշները Եվրոպական ֆուտբոլային ղեկավար մարմնի կողմից հաշվարկվում են տվյալ երկրի ակումբների՝ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղարկություններում վերջին 5 տարիների ընթացքում գրանցած արդյունքների հիման վրա: Օրինակ՝ 2015/16 թթ. ասոցացիայի վարկանիշը որոշվել է 2009/10-2013/14 թթ. մրցաշրջանների արդյունքների հիման վրա: Ինչ վերաբերում է ակումբների 2015/16թթ. մրցաշրջանի վարկանիշներին, դրանք որոշվում են 2010/11-2014/15թթ. Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղարկություններում անդամ ասոցացիայի ակումբների գրանցած արդյունքների հիման վրա»: Սա այն է, ինչ որ օրեր առաջ ավելի հակիրճ ասել էի armsport.am կայքին:
Ավելացնեմ, որ այս կանոնակարգերը հասանելի են նաև ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում՝ այստեղ և այստեղ:
Հուսանք՝ ներկայացված բոլոր փաստարկները կստիպեն ի վերջո հասկանալ, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը չի կորցնի իր «պաշտոնական» կամ «պրոֆեսիոնալ» կարգավիճակը, ինչպես նաև այդ կարգավիճակի կորցնել կամ չկորցնելը որևէ կերպ կապված չի առաջնության մասնակից ակումների թվաքանակի հետ: Ավելացնեմ նաև, որ որևէ կանոնակարգային դրույթով առաջնության պաշտոնական կարգավիճակ հասկացություն նույնպես գոյություն չունի, ինչը ևս բազմիցս շահարկվում է մեդիայի կողմից»: