ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օգոստոսի 28-ին ընդունել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրեն Բահման Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջույնի խոսքերի փոխանակումից հետո «Սանիր» ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների առաջին խմբաքանակը և նշել, որ շինարարական աշխատանքները կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան:
Նախարար Երվանդ Զախարյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար, նշել է, որ ծրագիրը պետք է իրականացվի բարձր որակով և սահմանված ժամկետում: Նախարարը նշել է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի ամենայն աջակցություն` շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար:
Օգոստոսի 12-ին «Սանիր» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի շինարարության պայմանագիրը:
Օգոսոսի 9-ին Թեհրանում Իրանի արտահանման զարգացման բանկի և ՀՀ ԷԲՊՆ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված ֆիանասական պայմանագրի համաձայն, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107,9 մլն եվրո գումարը կտրամադրի իրանական կողմը: Նշված գումարի 77 տոկոսը կտրամադրի Իրանի արտահանման զարգացման բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերությունը:
Իրան-Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:
«Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի» և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:
Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով: Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակա յան: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի:
Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ ՀՀ-ով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար:
Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում: