ԱԺ Պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուների դիմումների քննարկման ժամանակ իր կողմից ներկայացված թեկնածուին՝ Նարեկ Ալոյանին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Մինչ այդ Ուրիխանյանը մի քանի շեշտադրում արեց:
«Առաջին՝ ինձ համար ցավ է, որ ընդդիմադիր մեր գործընկերներն իմ առաջարկներին, որոնք հրապարակավ արվեցին նաև լիագումար նիստին, չգնացին միասնական քննարկումների, մեկ միասնական թեկնածուի առաջադրման համար: Դրա համար «Ալյանս» կուսակցությունն իր թիմից առաջադրել է այն կադրին, որն, ըստ իս, ունակ է իրականացնել ՄԻՊ-ի գործառույթները»,-նշեց նա:
Ուրիխանյանը խոսեց նաև Փոստանջյանի թեկնածությունից և ասաց, թե իր համար ցավ է, որ Զարուհի Փոստանջյանի ընտրվելու պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը կկորցնի խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքը:
«Այն ընտրողները, ովքեր ակնկալում են, որ մինչև նստաշրջանի ավարտը խմբակցությունը կիրականացնի իր գործառույթները, կկորցնեն մեկ լուրջ ընդդիմադիր պատգամավոր»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանը նշեց, թե իր կողմից առաջադրված թեկնածուն ունի համապատասխան գիտելիքներ, իրավապաշտպանի փորձ: «Բայց հատկապես կարևորում եմ այն հատկանիշը, որ առաջադրվելով՝ ոչ ընդդիմությանն է հարված հասցնում, ոչ էլ սպասարկելու է իշխանության շահերը»,-ասաց նա:
Այնուհետև ՄԻՊ-ի իր տեսլականը ներկայացրեց իրավապաշտպան Նարեկ Ալոյանը: