Այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը: Նախքան հանրահավաքի սկսելը «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենց գլխավոր պահանջը արտահերթ ընտրություններն են, որովհետև երկիրը չունի ռեսուրսներ ևս երկու տարի իշխանություններին դիմանալու համար:
««Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալումը միայն մի բանի մասին է փաստումˋռեժիմը ցույց տվեց, թե ինչից է ամենաշատը վախենում. այն վախենում է հասարակական անհնազանդությունից»,-նշեց Չուգասզյանը:
Ավելի ուշ իր ելույթում Չուգասզյանն ընդգծեց, որ ըստ վարչակարգիˋ իրենք անցել են թույլատրելի չափ ու սահմանը: «Բայց այդ ի՞նչ չափ ենք անցել: Պարզվում էˋ քաղաքացիական անհնազանդության կազմակերպումը, որը սահմանդրական հիմնարար իրավունքերից է նույնացվում է զանգվածային անհանդուրժողականության հետ»,-նկատեց Չուգասզյաննˋ ընդգծելով, որ «Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում դեպի քաղաքացիական, զանգվածային անհնազանդություն:
Խոսելով իրենց ձերբակալումիցˋ Չուգասզյանն ընդգծեցˋ մենք դուրս եկանք բանտախցերից, բայց չազատվեցինք գերությունից, որովհետև բանտախցերում դեռևս բանտարկված ընկերներ ունենալով չես կարող քեզ ազատ զգալ: