տուն Լուրեր Արագածոտնի մարզպետը չի պատրաստվում ճամպրուկները հավաքել

Արագածոտնի մարզպետը չի պատրաստվում ճամպրուկները հավաքել

165
0

sargis sahakyan

Արագածոտնի գործող մարզպետ Սարգիս Սահակյանի օրերը հաշված են: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է ՀՅԴ գործիչ: Դաշնակցությանը տրվելու է ոչ միայնն նախարարական երեք պորտֆել, այլ նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզի ղեկավարների պաշտոնները: Սա նշանակում է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը այս օրերին հավաքելու են ճամպրուկները: Արագածոտնի մարզպետ  Սարգիս Սահակյանը, սակայն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ճամպրուկները չի հավաքել եւ չի էլ պատրաստվում:

«Բայց ինչի՞ պիտի հավաքեմ»,- զարմացավ  գործող մարզպետը: Նրան հայտնեցինք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը արդեն իսկ հայտարարել է, որ այդ մարզում իրենց անդամն է ղեկավար նշանակվելու, Սարգիս Սահակյանը արձագանքեց. «Իրա ասածը  հո իմ համար հիմք չէ: Ես քաղաքական թիմի անդամ եմ, կուսակցության անդամ եմ, ես ունեմ երկրի նախագահ, ինչ եք ասում՝ սա բան ասեց, նա բան ասեց»,- նեղսրտեց գործող մարզպետը՝ հորդորելով այլեւս իրեն չանհանգստացնել այս հարցով:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մշտապես էլ աչքի է ընկել իր ոչ ադեկվատ պահվածքով: Այս կամ այն տեղեկությունը, երբ փորձում ես ճշտել, Սահակյանը հունից դուրս է գալիս, եւ խորհուրդ տալիս իրեն նման «մանր» հարցերով չանհանգստացնել: Թե ինչու՞ է Սահակյանը նման կերպ պահում իրեն, թերեւս պարզ է. տարիներ շարունակ նա է ղեկավարել Արագածոտնի մարզը: Սահակյանը նաեւ վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորչությունը, եւ բոլոր ընտրություններում ընտանյոք հանդերձ անում էր ամեն ինչ, որպեսզի իր կուսակցական ղեկավարի մոտ ամոթով չմնա: Այդպես եղավ նաեւ նախորդ տարի դեկտեմբերի վեցին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը: Նախընտրական շրջանում «այո» քարոզողների թիվն ավելացնելու համար Սահակյան եղբայրները գյուղերում գառ էին մորթել, քեֆ ուրախություն կազմակերպել: Սակայն նրա չափից դուրս «նվիրվածությունը», փաստորեն, չգնահատվեց: Մարզպետի աթոռը շուտով կզբաղեցնի դաշնակցական գործիչ:

Փայլակ Ֆահրադյան