ՀՀ Արագածոտնի մարզի համայնքների մոտ 40 տոկոսում հասարակական տրանսպորտ չի գործում: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց մարզի դաշնակցական ղեկավար Գաբրիել Գյոզալյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության հոկտեմբերի 20-ի նիստի ընթացքում հանձնարարել էր տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի հարցը եւ ներկայացնել ցուցակ, թե քանի համայնքում տրանսպորտ չի աշխատում:
«Վարչապետի հանձնարարականի հետ կապված ուսումնասիրություններ կատարվել են, եւ արդյունքների հետ կապված կառավարություն գրություն ենք ուղարկել: Կարող եմ ասել, որ մարզի մոտ 40 տոկոսում տրանսպորտ չկա»,- Araratnews.am-ի հետ զրույցում պարզաբանեց Արագածոտնի մարզպետը:
Թե որն է պատճառը, որ 111 գյուղական համայնքներ ունեցող մարզի գրեթե կեսում հասարակական տրանսպորտ չի աշխատում, մարզպետը կապեց գլոբալ խնդիրների հետ, որոնք մանրամասն ներկայացվել են Կառավարություն ուղարկված գրության մեջ:
«Կա և´ ճանապարհի խնդիր, և´ ավտոբուսը, որ գնում է, պետք է շահույթով աշխատի: Որ մրցույթներ ենք հայտարարում` չեն մասնակցում, այսինքն՝ ուղևորներն էնքան քիչ են, որ ձգտող չկա, էլի, էդ մրցույթներին. նման խնդիր էլ ունենք»,- բացատրեց Գյոզալյանը:
Նրա խոսքով՝ վերջերս մարզի 15 համայնքներում մրցույթ է հայտարարվել, սակայն ոչ ոք մրցույթին չի մասնակցել. «Ձգտում են մեծ համայնքներում աշխատել, որտեղ ուղևորներ շատ կլինեն, հետևապես նաեւ շահույթը մեծ կլինի: Մեր մոտեցումը հետևյալն է. տրանսպորտը մտնի իրար մոտ մի քանի համայնք, որ կարողանանք ինչ-որ լուծում տալ»:
Araratnews.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը. չէ՞ որ 5 մարդ էլ բնակվի համայնքում, միևնույն է, տեղաշարժվելու կարիք կունենա, մարզպետն ասաց. «Իհարկե, ճիշտ եք, ինչ-որ տեղ պետք է դոտացիաներ լինեն, կամ` չգիտեմ…»:
Շողիկ Գալստյան