տուն Լուրեր Արա Պապյանըˋ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին

Արա Պապյանըˋ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին

123
0

papyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն, իմ տեսանկյունից, առաջընթաց է, բայց բավարար չէ, որովհետև հռչակագիրը հակասության մեջ է մտնում հայտնի Ցյուրիխյան արձանագրությունների հետ, որում եղած որոշ կետեր հակասում են վերը նշված հռչակագրի կետերին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին, նման կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

«Ինձ համար ամենակարևորը հռչակագրի այն հատվածն է, որտեղ խոսվում է Սևրի պայմանագրի ու Վուդրո Վիլսոնի վճռի մասին: Եթե հռչակագիրը ձևի համար չէ և իսկապես քաղաքական բովանդակություն ունի, ապա կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները երկու քայլ պիտի անեն. նախ նախագահը չեղյալ պիտի համարի Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված Հայաստանի ներակացուցչի ստորագրությունը: Մյուս քայլը, կարծում եմ, խորհրդարանի կողմից պիտի արվի: Վերջինս պետք է  նոյեմբերի 22-ը հայրենատիրության օր հռչակի»,-նշեց նա:

Այս երկու քայլերը քաղաքագետի  հավաստմամբ թույլ կտա խուսափել Թուրքիայի այն մեղադրանքներից, որ հայկական կողմը հաշտվել է իրավիճակի հետ և քայլեր չի ձեռնարկում:

Ինչ վերաբերում է հռչակագրում «Ցեղասպանություն» եզրին զուգահեռ «Ցեղասպանական քայլեր» բառակապակցության օգտագործմանը, ապա բանախոսը նկատեց, որ սա ճիշտ մոտեցում է, որովհետև բացի 1915 թվականից, խոսվում է Թուրքիայի կողմից իրականացված մի շարք այլ ջարդերի մասին, որոնք ուղղակիրոեն որակավորել որպես ցեղասպանություն սխալ է, փոխարենըˋ դրանք որպես ցեղասպանական որակավորելը ճիշտ է:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը  նկատեց, որ Հայաստանը բավարար ջանք չի գործադրում Ցեղասպանության միջոցառումները ամբողջական դարձնելու համար: «Ասենքˋ մի քանի գիրք գուցե գրել ենք, բայց արդյոք մենք կունենանք մի քանի լեզուներով քառահատորյակ Ցեղասպանության 100-ամյակին: Եթե խոսենք ֆիլմերից, ապա Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի մեծ մասը չեն նկարհանվել Հայաստանում»,-նշեց բանախոսը:

Վերջինս կարևորեց այն հանգամանքը, որ մեզ մնայուն արժեքներ են պետք, այլ ոչ թե հայտարարություններ:

 

Վարդուհի Ստեփանյան