Րոպեներ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 11 ամիս անազատության մեջ պահված Արա Բուդաղյանը:
Yerkir.am-ի հարցին, թե սպասո՞ւմ էր արդարացման, Բուդաղյանը պատասխանեց. « Այո, եթե ես մեղավոր լինեի, հիմա այսպես չէի քայլի»:
2016թ. հունիսի 1-ի որոշմամբ` Ս. Խաչատրյանին, Ա.Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից գրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը, որոշումն ուղարկվել է դատախազին:
Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝ անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:
Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում, և հունիսի 10-ն որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Դատախազի` նույն օրը կայացրած որոշումներով Ա.Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին: