Երբ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսը տեղավորվում է անգամ աստիճաններին, նշանակում է, որ շուտով բեմ է դուրս գալու Եվգենի Կիսինը: Երեկ հենց այդպիսի լեփ-լեցուն դահլիճում կայացավ աշխարհահռչակ դաշնակահարի անզուգական մենահամերգըˋ «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներումˋ ազդարարելով փառատոնի բացումը: Այս տարի փառատոնը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ժամանակ Կիսինի բաճկոնի վրա ամրացված էր անմոռուկ:
Սա Հայաստանում Կիսինի երկրորդ մենահամերգն էր՝ Բեթհովեն, Պրոկոֆև, Շոպեն, Լիստ։ Կիսինը դասվում է այն աշխարհահռչակ երաժիշտների շարքին, ովքեր հրաժարվում են Թուրքիա այցելել, քանի որ վերջինս հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Կիսինը նվագում է 6 տարեկանից: Նրա դեբյուտը տեղի է ունեցել 10 տարեկանում, երբ երաժիշտը նվագել է Մոցարտի Դաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց` 11 տարեկանում, Մոսվկայում հանդես է եկել մենահամերգով։ Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984-ի մարտին, 12 տարեկանում` կատարելով Շոպենի Դաշնամուրի թիվ 1 և 2 կոնցերտները Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դմիտրի Կիտաենկոյի ղեկավարությամբ: 1987-ին կայացել է Կիսինի արևմտաեվրոպական դեբյուտը Բեռլինի փառատոնում։ Կիսինն արժանացել է երաժշտական մի շարք պարգևների:
Կիսինն առաջին դաշնակահար էր, ով հրավիրվել է համերգով հանդես գալու BBC Proms դասական երաժշտության փառատոնում (1997 թ.)։ 2000 թ. համերգաշրջանում եղել է առաջինը, որ երբևէ հրավիրվել է՝ որպես համերգային մենակատար հանդես գալու Proms-ի բացման համերգին։ 2010-2012 համերգաշրջանում Կիսինը ելույթներ է ունեցել աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Զալցբուրգում, Վիեննայում և այլուր։ Այնուհետև սկսել է հյուսիս-ամերիկյան լայնածավալ շրջագայության, որն ընդգրկում է մենահամերգներ, նվագախմբային համերգներ, նաև կամերային երաժշտության համերգներ Յուրի Բաշմետի հետ համատեղ։
Վարդուհի Ստեփանյան