Երեկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերի իր էջում գրառում էր կատարել, որով կոչ էր անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ զերծ մնալ շփման գծում բռնություն կիրառելուց:
Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար ՎովաՎարտանովը կարծում է, որ նման հայտարարությունները բնական են Մինսկի խմբի համանախագահների կողմից:
«Այդ երկկողմանի սթափեցնող հայտարարությունները շատ բնական են: Որովհետև, եթե նրանք սկսեն մեկին մեղադրել, նախատել, դժվար կլինի այդ մեկի հետ զրուցել ու միջնորդի դեր խաղալ: Մինսկի խմբի ոչ մի անդամ-պետություն մեր շահերը չի պաշտպանում, ոչ էլ` թուրքերի: Նրանք իրենց շահերն են պաշտպանում, իրենց խնդիրներն են լուծում: Այդ երեք երկրներին էլ պետք չէ, որ այստեղ պատերազմը խորանա, ու նրանք դա թույլ չեն տա»,- Araratnews.am-ին ասաց նա:
Վարտանովը համոզված է, որ մենք ՀԱՊԿ-ի կարիքը չունենք ադրբեջանական ուժերի դեմ պայքարում:
«Մենք ինքնուրույն կարող ենք ազեր-թուրքերի հարցերը լուծել: Նրանք այն հակառակորդը չեն, որ մենք դաշնակցի կարիք ունենանք նրանց հարցերը լուծելուց: Ես երբ ռուսական 102-րդ ռազմաբազային պաշտպանող բաներ եմ ասում, իրենք դեռևս օսման թուրքերի դեմ են պետք»,- նշում է նա:
Վարտանովը, սակայն, համոզված է, որ անհրաժեշտ էր դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի մեզ համար հստակ լինի, թե անհրաժեշտության դեպքում մենք ինչպիսի՞ օգնություն կստանանք: Հարցին, թե՝ արդյոք հնարավո՞ր է, որ շփման գծում վերջին օրերի լարված իրավիճակը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես եղավ նախորդ տարվա օգոստոսին՝ Վարտանովը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ հիմա իրավիճակն ավելի խաղաղ է, քան օգոստոսին էր: Չի բացառվում, որ հիմա ավելի թեժ է: Քանի որ օգոստոսին թուրքը որոշում չուներ իր սահմանների իրադարձությունները քողարկելու մասին, իսկ մեր բնակչության շատ մեծ զանգված այդ տեղեկությունները գերադասում է ստանալ թշնամու աղբյուրներից, դրա պատճառով շատ բան էր հայտնի թշնամու կորուստների մասին մեզ էլ, նրանց էլ: Փառք Աստծու, պանիկայի չհասավ այդ ամենը, բայց նշաններ կային»:
«Պատերազմը չի լինում առանց զոհերի,- ասում է հետախույզն ու շարունակում,- ապրեն մեր զինվորները, ապրեն մեր դիրքապահները, ապրեն մեր առանձին ստորաբաժանումների տղերքը»: