Այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ներկայացնել, թե գների ինչ բարձրացում է նկատվել ապրանքատեսակների շուկայում և ինչ չարաշահումներ կան:
Արտակ Շաբոյանը նշեց, որ փոխարժեքի արժեզրկումը ուղղակի ազդեցություն է ունեցել ներմուծված ապրանքների գների վրա, որոշ չափով նաև տեղական արտադրության շուկաների վրա:
«Մենք ուսումնասիրություն արել ենք 16 ապրանքատեսակի համար: Մասնավորապես կաթնամթերքի ոլորտում կա գների բարձրացում: Փոխարժեքի տատանումը իր ազդցությունը կարող է թողնել կաթնամթերքի վրա, քանի որ որոշ բաղադրիչներ կաթնամթերքի արտադրման համար ներմուծվում են դրսից, ու դա կարող է ունենալ ազդեցություն գնի վրա»,-ասաց Շաբոյանը:
Նա նշեց, որ ապրանքների գների բարձրացումը տատանվում է 2-13 տոկոսի միջակայքում:
«Այն դեպքում, երբ փոխարժեքի տատանումները 13 տոկոս են կազմել: Կարելի է ասել, որ գների թանկացումը համարժեք է փոխարժեքի տատանումներին և վերին շեմը չի հատում: Բացառություն է կազմում հնդկաձավարը, որի գինը շատ է բարձրացել: Դա պայմանավորված է ոչ միայն փոխարժեքի տատանման հետ, այլև նրա, որ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից: Իսկ այս տարի Ռուսաստանում հնդկաձավարի բերքը կրճատվել է 20 տոկոսով, ու դրա համար գները բարձրացրել են»,-ասաց Շաբոյանը:
Նա հավելեց, որ ամենօրյա կտրվածքով դիտարկումները շարունակելու են իրականցնել:
Վարաչապետ Հովիկ Աբրահամյանը ճշտեց, թե ներկայում չկա՞ն չարաշահումներ:
«Այս պահին, ինչպես նշեցի, մեծ հաշվով, փոխարժեքի հետ համահունչ են գների բարձրացումները, և մեր ուսումնասիրությունները ավարտելուց հետո վերջնական կներկայացնենք»,-պատասխանեց Շաբոյանը: